Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը, ով 2012թ-ից քաղաքական հայացքների համար քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում, պատմում է, որ ՀԱԿ նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանը իրեն տարիներ առաջ խաբել է և չնայած իրենից վերցրել են 500 դոլար գումար՝ իր գանգատը ՄԻԵԴ ուղարկելու համար, սակայն գործն այդպես էլ Եվրոպական դատարան չեն ուղարկել։ ArmDaily.am-ի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ ամեն օր մտածել է Հայաստան վերադառնալու մասին, սակայն դեռևս չպարզված հանգամանքներ կան, չպատժված մարդիկ կան, ովքեր ազատության մեջ են ու եթե վերադառնա՝ իրեն կարող են վնասել։ Չնայած դրան՝ Մանուկյանը վստահեցնում է, որ մշտապես հետևել է հայաստանյան իրադարձություններին։ Իր խնդիրներին իրավական ճանապարհով լուծում տալու հույսերը կրկին արթնացել են 2018-ից հետո։
«2018 թ-ի իշխանափոխությունից հետո՝ այստեղ հանդիպել եմ Նաիրա Զոհրաբյանի հետ և իրեն դիմում եմ տվել, որպեսզի վերջինս այն փոխանցի դատախազությանը կամ ՀՔԾ-ին։ Նա ուղարկել էր ու գործը ընթացք էր ստացել, սակայն քանի որ փաստաբան չունեմ՝ այդ գործընթացը նույնպես կանգնել է»։
Դիտարկմանը, թե Ջհանգիրյանն պնդում է, որ եթե ինքը հանցանք է կոծկել կամ հանցանք է գործել, ապա ինչո՞ւ իրեն չեն դատում՝ նա պատասխանեց, որ Գագիկ Ջհանգիրյանը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ «Լինելով պետական պաշտոնյա՝ Գագիկ Ջհանգիրյանին էդ որտեղի՞ց էդ միլիոնները։ Ստեղ հետաքրքիր հանգամանք էլ կա, Ջհանգիրյանն աշխատել է Ռոբերտ Քոչարյանի հետ մինչև վերջին օրը։ Նրանց հետ նույն կլանի անդամ է եղել, ես տեսել եմ, թե լինելով նույն իշխանության անդամ՝ ինչպես էին կեղծվում ընտրությունները, ես երբեք չեմ լսել Ջհանգիրյանից, թե կեղծվել են ընտրությունները։ Կարծում եմ, պատահական չէ 2008 թ-ին իր գալը ընդդիմության շարքերը։ Այդ օրերին Սուրեն Սիրունյան կար՝ Վանո Սիրադեղյանի վարորդն էր, նա ժամանակին նշել էր՝ դուրս է գալիս ՀԱԿ-ից ու հետ է վերցնում իր գործը ՄԻԵԴ-ից, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը չպետք է որոշի՝ ով է քաղբանտարկյալ, ով՝ ոչ։ Երբ փաստերը դնում ենք իրար կողք՝ ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանին ներդրել են ընդդիմության շարքերը, որ հարամ անի Մարտի 1-ը գործերը։ Նաև հատկանշական է, որ Հոկտեմբերի 27-ի գործն էլ իր ձեռքում է եղել ու ինքը 2018 թ-ի հեղափոխությունից մինչև էսօր՝ աղմկահարույց որևէ բացահայտում չի արել այդ գործով։ Այսինքն, կարծում եմ, ինքը ինչ-որ ուժերի է ծառայում»։
Անդրադառնալով, Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակելուն՝ նա ընդգծեց, որ իշխանությունը դրանով մեծ սխալ է անելու։ «Էս իրավիճակում, խառնաշփոթի մեջ մեր իշխանությունները մոլորվել են ու չգիտեն, թե ում ուր են նշանակում։ Էս համաձայնությունը, որ Ջհանգիրյանը տվել է, կարծում եմ՝ տվել է զուտ նրա համար, որ ՀԱԿ-ին վերարտադրեն։ Որ ՀԱԿ-ը երկրորդ ուժ լինի։ Անձամբ ինձ համար՝ Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ նշանակելով, ՀՀ իշխանությունները իմ մեջ սպանելու են օրինական ճանապարհով արդարադատության հասնելու իմ վերջին հույսը։ Ջհանգիրյանը չի գնում այնտեղ, որ աշխատավարձ ստանա, գրիչով գրի-ջնջի։ ԲԴԽ-ն ստեղծվել է դատավորների վերահսկողության տակ պահելու համար։ Հիմա տեսնում ենք, որքանով են օրինական գործում կամ օրինական չեն գործում։ Ճանաչելով Գագիկ Ջհանգիրյանի անձը, իմանալով Գագիկ Ջհանգիրյանի՝ թե Մատաղիսի գործին, թե Հոկտեմբերի 27-ին իր ներգրավվածությունը, տեսնելով, որ Հոկտեմբերի 27-ի գործն ընդհանրապես ոչ մի գործ առաջ չի գնում։ Ես կուզեի, որ էսօր ես ունենամ անկախ փաստաբան և արդար դատավարություն լինի, եթե հանկարծ պարզվի, որ ես իսկապես ստախոս եմ՝ ինչպես իրենք են պնդում, թող ևս մի գործ բացեն իմ դեմ։ Հարցն այն է, որ Ջհանգիրյանը կարող է ազդել դատավորների վրա ու իր ուզած ձևով վճիռ կայացնել տա, հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ այստեղ կորում է իմ հույսը։ Իմ պարագայում, կարծում եմ, այդպես էլ կլինի, քանի որ իմ հարցը կոնկրետ Ջհանգիրյանի հետ է»։

