Ի դեպ. Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ արտահերթ ընտրությունների ուրվականը։ Ճիշտ այն պահից, երբ պատերազմի ավարտից հետո կտրուկ սրվեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ակնհայտ էր, որ զարգացումները տանելու են արտահերթ ընտրությունների։ Այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ, կարծես ոչ ոք չի վիճարկում։ Այս մասին են խոսում հանրապետության վարչապետը, նախագահը, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Տարաձայնությունները արտահերթին հասնելու ճանապարհային քարտեզին են առնչվում։
Հանրային ճնշման միջոցով վարչապետի հրաժարականին հասնելու, ժամանակավոր կառավարություն ձեւավորելու եւ հետայդու ընտրություններ կազմակերպելու՝ 17-ի ֆորմատի ծրագիրը կարծես թե ձախողվեց, 17-ը այդպես էլ չկարողացավ ապահովել այսպես կոչված «կրիտիկական զանգվածը»։ Վարչապետը հրաժարական տալու մտադրություն չունի եւ այս պահի դրությամբ որեւէ քաղաքական ուժ հանրային ճնշմամբ դրան հասնելու ռեսուրս չունի։ Մնում էր քաղաքական խորհրդակցությունների միջոցով ընդհանուր հայտարարի գալու տարբերակը, սակայն այդ նպատակով անցկացված հանդիպումները որեւէ արդյունք չտվեցին։
Խորհրդարանական ուժերը մերժեցին վարչապետի առաջարկած տարբերակը, 17-ի հետ ընդհանրապես հանդիպում չկայացավ։ Բայց սա չի նշանակում, թե արտահերթ ընտրությունների թեման դուրս է եկել օրակարգից։ Ճիշտ հակառակը, քաղաքական ուժերը պատրաստվում են արտահերթ ընտրությունների, քաղաքական դաշտում մեկնարկել է դիրաքվորումների ու միավորումների ժամանակահատվածը։ Պիտի ենթադրել, վարչապետի հանդիպումները արտախորհրդարանական երկու կուսակցությունների՝ «Հանրապետություն» եւ Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավարների հետ, հենց այս համատեքստում էին։ Իշխանությունը հավանաբար կփորձի ընտրությունների գնալ ավելի լայն դաշինքով, ինչքան էլ դա Իմքայլական գործող պատգամավորների սրտով չլինի։
Առայժմ դժվար է որեւէ կանխատեսում անել խորհրդարանական մյուս ուժերի մասնակցության ձեւաչափի մասին, հայտնի է, որ ԼՀԿ-ն առայժմ փորձում է ուժեղացնել իր ունեցած տեղամասային ընտրական հանձնաժողովները։ Արտախորհրդարանական դաշտում 17-ի ֆորմատը որոշ փոփոխություններով հավանաբար կպահպանվի ու կմասնակցի ընտրություններին։ Արտախորհրդարանական դաշտում նկատելի է ավելի վաղ ձեւավորված ԱԺԲ-ի ակտիվությունը, իսկ ԱԻՄ, «Ժողովրդավարական հայրենիք», «Հայ կառուցողական» և «Պահպանողական» կուսակցությունների վերջին համատեղ քննարկումները եւս ենթադրել են տալիս, որ մի դաշինք էլ այստեղ է ձեւավորվելու։ Այս գործընթացները հավանաբար կշարունակվեն մինչեւ ամառ եւ նաեւ հաշվի առնելով կարանտինի երկարաձգումը, արտահերթ ընտրությունների հավանական ժամկետ կարելի է համարել 2021թ-ի աշունը։

