Իշխանության բոլոր ժամանակների աքիլլեսյան գարշապարը շարունակում են մնալ կադրային հարցերը։
44օրյա պատերազմում պարտության եւ կապիտուլացիոն ակտի ստորագրումից հետո իշխող քաղաքական մեծամասնությունում եւս անկումային տրամադրություններ են։
Շատերը, ում համար անընդունելի է հայրենիքի կորուստը, բարոյական չեն համարում պաշտոնավարումը, ընդունելով թիմի ձախողումը եւ պարտությունը՝ ցանկանում են հեռանալ։
Ոմանք նախընտրում են առհասարակ հեռանալ քաղաքականությունից՝ վայր դնելով մանդատը, ոմանք մտածում են, որ որպես անկախ պատգանավոր դեռ անելիք ունեն, մանդատի համար էլ պարտական են ժողովրդին, ոչ թե կուսակցությանը։
Իսկ իշխող քաղաքական մեծամասնության համար խիստ կարեւոր է թիմի թվացյալ ամբողջությունը պահպանելը։ Եւ եթե խորհրդարանի դեպքում ավելի հեշտ է լուծվում հեռացողների հարցը՝ ցուցակի հաջորդ հորիզոնականում ընդգրկվածը վերցնում է մանդատը կամ սկսվում է հալածանքների շղթա անկախ պատգամավոր դարձածների նկատմամբ, ապա շատ ավելի բարդ է վիճակը գործադիրում։
Առանց այն էլ այս 2,5 տարվա ընթացքում շատ պրոֆեսիոնալներ հասցրեցին հիասթափվել իշխանությունից, եւ այսօր քչերը կհամաձայնեն նրանց հետ ճանապարհ գնալ։
Հարցը ավելի սուր է դրվում այժմ՝ արտահերթ ընտրությունների նախաշեմին՝ հետպատերազմական վիճակում, երբ երկրում առանձին ոլորտներ կոլապսի մեջ են, սոցիալական, տնտեսական խնդիրները շատ են, անվտանգությունը եւ կայունությունը խաթարված, որեւէ ծրագիր իրականացնելը, երկիրը այս վիճակից դուրս բերելը՝ գրեթե անիրատեսական, իսկ պաշտոնավարումը՝ խիստ ժամանակավոր։
Հենց այդ է պատճառը, որ երեկվանից շրջանառվում է Արսեն Թորոսյանի հրաժարականի լուրը, այսօր պարզվում է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետը, եւ այս երկու տեղերի համար քննարկվում է նույն անձի անունը։
Մենք, իհարկե, տարակուսում ենք, հարց ենք տալիս, թե ով է այս կամ այն անձը, ում իշխանությունը ցանկանում է պաշտոնի նշանակել, սակայն հաճախ հաշվի չենք առնում ամենակարեւորը՝ իսկ ուրիշ ում կարող է նշանակել իշխանությունը։
Կա Շիրակում կամ որեւէ մարզում մի «թասիբով» պաշտոնյա, ով կհամարձակվի պաշտոնի գնալ, աջակցել իշխանություններին, արդարացնել սահմանազատումները, տնտեսական, անվտանգության խնդիրները։ Ինքներդ Ձեզ հարց տվեք՝ Դուք կհամաձայնեի՞ք նման պատասխանատվություն վերցնել ձեր ուսերին։ Վստահաբար՝ գերակշռող մեծամասնությունը կհրաժարվեր՝ համարելով, որ ոչինչ չի կարող փոխել, չի կարող աշխատել, անընդունելի է ստեղծված իրավիճակը եւ այլն։
Այս դեպքում ինչու ենք մեղադրում իշխանություններին անհաջող կադրերի ընտրության հարցում, պրոֆեսիոնալ կադրերը հասցրել են հիասթափվել, ընդ որում՝ նրանք կարողացել են հիասթափեցնել ապաքաղաքական մարդկանց, պարզապես լավ մասնագետների։
Ահա, թե ինչու որեւէ թափուր հաստիք առաջանալիս դա ստիպված են համալրել յուրային սահմանափակ թիմով կամ թիմակիցների հարազատներով։ Ամբողջ կյանքում պետական համակարգը խծբ-ով լցնելու դեմ պայքարող Փաշինյանն այսօր պաշտոն է տալիս պատգամավորի կնոջ, ՀՔԾ պետի եղբորը ցանկանում գործուղել ԲԴԽ, կրտսեր Ջհանգիրյաններին հաջողությամբ տեղավորելուց հետո չի անտեսում նաեւ ավագին՝ հորը։ Սրանք ընդամենը վերջին օրերին վերաբերող օրինակներ են, իսկ ինչքան նմանատիպ դեպքեր են եղել 2,5 տարվա ընթացքում։
Նախընտրական շրջանում եւ դրանից հետո էլ այս իշխանությունը մշտապես խոսել է պետական համակարգը հորքուր, մորքուր, քույր, եղբայր, ընկերներով լցնելու անընդունելիության մասին։
Սակայն գործնականում արել է այն, ինչ քննադատել է։ Մենք տեսանք, թե ինչպես են պաշտոններ ստանում Փաշինյանի աներորդին եւ եղբորորդին, նրա ղեկավարած թերթի աշխատակիցները եւ նրանց ընտանիքի անդամները, մանկության ընկերները, կնքահայրը, պետական համակարգը լցված է ամուսիններով, հայրուորդիներով, ընկերներով, քավոր-սանիկներով եւ այսպես շարունակ։
Փաստորեն՝ հեղափոխություն էր պետք, որ Նիկոլ Փաշինյանը հասկանար՝ ինչ քաղցր եւ հուսալի է յուրայինների հետ կառավարելը, ինչքան «ճիշտ» էր Սերժ Սարգսյանը, երբ յուրայիններին էր պաշտոններ տալիս, իր հագով Սահմանադրությունն էր կարում, օրենքներով սողանքներ էր թողնում մանեւրելու համար։ Պետական կառավարման համակարգի այս արատավոր փորձը ոչ միայն չմերժվեց, այլեւ հաջողությամբ կրկնվում է այսօր։

