Ինչպես արդեն հայտնել ենք, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն այսօր բաշխեցին հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները՝ փակ գաղտնի քվեարկությամբ։
Մրցույթի արդյունքում «ATV» հեռուստաընկերությունը հանրապետական սփռման սլոթ ստացավ։ Նշենք, որ «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուն նախկինում բազմիցս հայտնվել է ներկա իշխանությունների քննադատությունների կիզակետում։
Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ էր անդրադարձել այս հաղորդաշարին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հենց նոր, ալիք փոխելիս, ականջովս ընկավ «Կիսաբաց լուսամուտների» (ATV հ/ը) եթերում.
«Եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանը իրա երեխեքը կպաչեն չէ՞» եւ այլն:
Եթե ոմանց կարծիքով սա խոսքի, եթերի ազատություն է, այդ մարդիկ սխալվում են:
Սա աղբ է, որ պետք է արմատախիլ անել եթերից:
Ի դեպ, ATV-ի սեփականատերը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Միասնյանն է, Սերժ Սարգսյանի փեսան:
Իրենց տանը այս հաղորդումը նայու՞մ են:
Իսկ ՀՌԱՀ-ը ինչպես միշտ, գործում է «օրենքի շրջանակներում»: ԱԺ աշնանային նստաշրջանում այս թեմայով էլ կխոսենք»:
Նիկոլ Փաշինյանի՝ այս հաղորդաշարին ուղղված քննադատությունները այսքանով չեն սահմանափակվել։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ 2018թ-ի մայիսի 25-ին՝ մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մեր հեռուստատեսությունը հետևողականորեն մարդկանց կրթական ցենզն իջեցնում է... Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դուրս հանեն: Մենք, իհարկե, որևէ բան չենք պարտադրելու, պատրաստվում ենք խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաներին ցածրացնեն»։
2020թ-ի փետրվարի 8-ին էլ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սա՞ ինչ էր, և սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞, այս որակի եթերի՞ են արժանի մեր քաղաքացիները։
Եվ թող որևէ մեկը չհիշատակի ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը։ Սիրելի՛ քաղաքացիներ, այն, ինչով կիսվում եմ ձեզ հետ, որևէ կապ չունի կարծիքի արտահայտման ազատության հետ, սա բոլորովին այլ բան է, որի բնորոշումը թողնում եմ ձեր դատին։
Սակայն մեկ բան հստակ է, ինչպես ԱԺ ամբիոնից արդեն հայտարարել եմ, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» հնացած օրենքում լրջագույն փոփոխություններն ու այս ոլորտում բարեփոխումներն այլընտրանք չունեն, և, այո՛, մենք ստանձնել ենք եթերը վարակազերծելու պատասխանատվությունը»։
Հայրապետյանը գրառմանը կից տեղադրել է նաեւ հաղորդումներից մեկի անոնսը, որը վերնագրված է «Մենակ հեռվում»։
Չէր ուշացել են նաեւ հաղորդման վարողի՝ Հրաչ Մուրադյանի պատասխանը վարչապետին, նա ասել էր, թե իրենց ահռելի սոցիալական օգնության մասին ավելի լավ է լռի․ «Պրն. Վարչապետ, Դուք լա՞վ չեք պատկերացնում, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել: Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը։ Մենք ցույց ենք տալիս Հայաստանում առկա բազմաթիվ սոցիալական պրոբլեմների մի մասը, որը, կարծես, հեռու է Ձեր պատկերացումներից ու տեսլականից։ Հորդորում եմ Կիսաբաց Լուսամուտների հարցը քննարկել մեր երկրի սոցիալական հարցերի շրջանակներում և ոչ մշակութային։ Մենք մշակութային կարող ենք դառնալ Ձեր պատկերացրած ՍԻՐՈ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ երկիր դառնալուց հետո միայն։ Կիսաբաց Լուսամուտները պատմել է, պատմում է ու կպատմի այս երկրի բնակչի` քաղաքացու կյանքի մասին»։
Ստացվում է, որ այսօր հանրապետական սփռման թույլտվություն ստացավ մի հաղորդում, որին ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանից մինչև վարչապետ Փաշինյան ու իշխանական պատգամավորներ բոլորը դեմ էին, իսկ վարչապետն այս հաղորդաշարի հեռարձակման առանցքում չէր մոռացել ՀՌԱՀ-ին «օրենքի շրջանակներում» գործող անվանել։

