Հայաստանյան ներքաղաքական կյանքում վերադասավորումների շրջան է, քաղաքական ուժերը, անհատները ի մի են բերում իրենց ունեցածը, փորձում ներգրավել նոր ուժեր արտահերթ ընտրություններին ընդառաջ։
Այս առումով պատահական չեն իշխանության եւ ընդդիմության հանդիպումները տարածքներում, թիմի համալրման աշխատանքները, գրասենյակների բացումը։
Օրինակ՝ այսօր 17 ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մեկնել է Շիրակի մարզ։ Վարչապետը եւս շարունակում է հանդիպել քաղաքական ուժերի հետ, երեկ նա հանդիպել էր «Հանրապետություն» եւ ՄԱԿ կուսակցությունների ղեկավար անձանց հետ։
Առանձին գործիչների կամ կուսակցության ակտիվության մասին հրապարակումներ կան մամուլում, օրինակ՝ Հրանտ Բագրատյանի, Սամվել Բաբայանի։
Ի դեպ, Սամվել Բաբայանը փորձում է ակտիվություն դրսեւորել հայաստանյան քաղաքական դաշտում։ Պատերազմից հետո, երբ նա հրաժարական տվեց ԱԽ քարտուղարի պաշտոնից և մեկնեց Երևան, դա իր համախոհների, թիմակիցների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել։ Ավելին, շատերն ասում էին, որ Բաբայանը դեռ պետք է պատասխան տա, թե ինչու այս ամենն այսպես ավարտվեց։ Բանն այն է, որ Բաբայանն իր թիմակիցներին միշտ հավաստիացրել էր, որ չի թողնի Արցախը հանձնել, սակայն այսօր իր թիմակիցները համոզված են, որ նա Փաշինյանի հետ սերտ համագործակցել է ինչպես Արցախի նախընտրական, այնպես էլ հետպատերազմյան փուլում և Արցախում եղել է փաշինյանական ծրագրի իրականացման գլխավոր դեմքերից մեկը։
Երկրորդ, 2019 թվականին, երբ մարդիկ էր հավաքագրում, բոլորին ասում էր, որ շուտով իշխանությունն ամբողջովին վերցնելու է և նաև այդ պատճառով շատերը, լքելով իրենց թիմերը, միանում են Բաբայանին, բայց հետո այդ մարդիկ, երկար պայքարի ճանապարհ անցնելով, մնացած ուժերի հետ հարաբերություններ փչացնելով, այսօր դժվար կացության առաջ են կանգնել։ Փաստացի Բաբայանին հավատացողները մնացել են օդում, իսկ նա տեղափոխվել է Երևան՝ թիմակիցներին թողնելով անպաշտպան։ Նույնիսկ նրա ղեկավարած ուժի խորհրդարանական խմբակցությունը չգիտի, թե ինչպես իրեն պահի, ինչպես պատասխանի այն հարցադրումներին, որի պատասխանը պետք է տա Բաբայանը։ Հայաստանում նա փորձում է միավորել ազատամարտիկներին՝ Գագիկ Մելքոնյան, Ռազմիկ Պետրոսյան եւ այլն, սակայն լուրջ դժվարություններ ունի, արցախյան փորձը աչքի առաջ ունենալով՝ ով ցանկություն կհայտնի ճանապարհ անցնել Բաբայանի հետ։

