Թե ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին, թե Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ նորմալ կառուցողական հարց ու պատասխան ենք ունեցել։ Խմբակցության անդամները ինչ հարցեր ունեին՝ փորձեցին պարզաբանում ստանալ թե դատական համակարգի վերաբերյալ, թե թեկնածուների անձնական մոտեցումների վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույյցում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Քանի որ այսօր խմբակցության բոլոր անդամները չէ, որ ներկա էին՝ մենք լրացուցիչ պետք է քննարկենք, թե ինչ որոշում ենք կայացնելու պարոն Ջհանգիրյանի կապակցությամբ, այս պահին սեփական թեկնածու առաջադրելու որոշում չունենք, սակայն նման բան չեմ բացառում»։ Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին՝ նա նշեց, որ թեկնածուն առաջադրվում է ԲԴԽ ընթացակարգերով և ներկայացվում է ԱԺ-ին։ Իր թեկնածության սատարման վերաբերյալ նույնպես, քանի որ ամբողջ խմբակցությունը ներկա չէ հանդիպմանը, ապա պետք է լրացուցիչ նիստ արվի և յուրաքանչյուրի մասով որոշվի՝ մասնակցում ենք, չենք մասնակցում, դեմ ենք, թե կողմ»։
Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ տպավորություններին՝ նա նշեց, որ բոլոր հարցերին տվել է սպառիչ և անկեղծ պատասխաններ։ «Մտահոգությունները նույնպես մենք կքննարկենք խմբակցությունում և կհայտնենք, թե ինչու ենք կայացրել այս կամ այն որոշումը»։
Նա նշեց, որ քննարկել են նաև տարիքային սահմանափակման վերաբերյալ ԲԴԽ-ի հայտնած հայտարարությունը։ «Պարոն Ջհանգիրյանը ներկայացրել է մի շարք օրենսդրական հոդվածներ, թե ինչու իր ընտրության հետ կապված խնդիր չի լինի, և նաև քննարկել ենք նաև մեր խմբակցության իրավաբան պատգամավորներով քննարկել ենք ու հասկացել ենք, որ դա ընդամենը մեկնաբանության հարց է, այսինքն, որպես կոշտ օրենքի խախտում, որով կարող ենք ասել, որ պարոն Ջհանգիրյանը չի կարող առաջադրվել՝ չկա։ Այսինքն, մենք ամեն դեպքում այդ մասով նրա լեգիտիմությունը կասկածի տակ չենք դնում, կոշտ նման սահմանափակում չկա»։
Ինչ վերաբերում է բարեվարքության մասով առկա դիտարկումներին, դրանք ուսումնասիրվելու են, հիմա որևէ բան չեն հայտարարում, քանի որ կենսագրություն, բարեվարքություն, այս ամենը պետք է քննարկենք։
Հարցին, թե արդյո՞ք նրա քաղաքական հայացքները, նախկին գործունեությունը խնդիր չեն իրենց համար՝ նա նշեց, որ քանի որ ԲԴԽ անդամը, որն ընտրվում է ԱԺ-ի կողմից՝ իրավաբան գիտնականներ են, մենք առաջին հերթին նրա այդ որպես իրավաբան մասնագիտական որակներն ենք դիտարկելու։

