Այսօր կառավարության նիստում ներառված էր նաև կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին» N 771-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները, մասնավորապես հավելվածի 2-րդ կետում «համաֆինանսավորման» բառը փոխարինել «կազմակերպություններին ֆինանսավորելու» բառերով և հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։
Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այս փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի մասնակցությամբ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման հարցում ճկունության բարձրացման կարևորությամբ։
Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության՝ տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագրի արդյունավետ իրականացման ապահովում՝ պետության դրամական միջոցների առավել ճկուն օգտագործման և ծրագրի պոտենցիալ շահառու հանդիսացող ընկերությունների բազայի ընդլայնման եղանակով։
Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Կառավարությունում քննարկման արդյունքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դեմ քվերակեցին։ Ձայների մեծամասնությամբ որոշման նախագիծն ընդունվեց, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ արժի այս թեման ուշադրության կենտրոնում պահել և այս հարցով մեկ անգամ ևս աշխատանքային քննարկում ունենալ։

