«Արցախ որոշել եմ մեկնել պատերազմի երրորդ օրը, այդպես էլ արել եմ: Շուրջ 8-9 օր որպես ԱԱԾ տնօրեն եղել եմ Արցախում, չնայած որ շատ բարդ էր ԱԱԾ տնօրենի մնացած լիազորությունները իրականացնել Արցախից, այնուամենայնիվ ես նպատակահարմար գտա մնալ Արցախում: Հետագայում, երբ այլևս ԱԱԾ տնօրեն չէի, երկու օրով հետ եմ վերադարձել Երևան, հանձնել եմ ԱԱԾ-ն: Հետո հասկացել եմ, որ եթե հենց հիմա չվերադառնամ Արցախ, ինքս ինձ չեմ ների: Վերադարձել եմ Արցախ, բացարձակ որևէ պաշտոնական կարգավիճակ չեմ ունեցել, և բնականաբար եթե մեկ օր առաջ ԱԱԾ տնօրեն ես, իսկ մեկ օր հետո ոչ, էդ կապերը և հնարավորությունները չեն կորում մեկ օրում: Սկզբնական շրջանում զբաղվել եմ այնպիսի գործունեությամբ, ինչպիսի գործունեությամբ զբաղվում էին շատ նախկին պաշտոնյաներ: Պատերազմի զարգացմանը զուգընթաց, երբ իրավիճակը սկսեց ծանրանալ, ամենաբազմաբնույթ աշխատանքներ եմ սկսել իրականացնել՝ սկսած խրամատավորման աշխատանքներին մասնակից լինելուց վերջացրած զինված ստորաբաժանումներ տարբեր տեղեր տանելուց և տեղակայելուց»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:
Դիտարկմանը, թե մեղադրանքերը շատ են, օրինակ Գառնիկ Իսագուլյանը տեղեկություն տարածեց, թե 1400 ադրբեջանցիների տրամադրել եք հայկական անձնագրեր, տեղեկությունը կապվեց կոռուպցիոն մեխանիզմների հետ, Քյարամյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Կարծում եմ, որ այդ մտքի հիմքում դրված է այն հանգամանքը, որ իմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Իսագուլյանի որդին իր դիմումի հիման վրա ազատվեց ԱԱԾ-ում զբաղեցրած իր պաշտոնից: Իրականում այնքան անհեթեթ ու իրարամերժ մոտեցումներ կան այդ հրապարակման մեջ, որ ես ժամանակին նույնիսկ հարկ չեմ համարել անդրադառնալու դրան: Նախ ԱԱԾ տնօրենը անձնագրային բաժնի պետ նշանակելու լիազորություն չունի, դա ոստիկանության գործառույթն է: Բացի այդ անձնագիր ստանալու գործընթացը բավական բարդ պրոցես է: Ընդ որում շատ կարևոր մի հանգամանք, այդ գործընթացն ըստ օրենքի կարող է տևել 6 ամիս: Գիտեք, ես ավելի կարճ ժամանակահատված եմ ղեկավարել ԱԱԾ-ն: Բացի այդ, ես հետաքրքրվել եմ և պարզվում է, որ իմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ընդամենը մի քանի տասնյակ արտասահմանցիներ են ստացել անձնագրեր, այն էլ բոլորը ազգությամբ հայեր են եղել, իսկ անձնագրայինի պետ ընդհանրապես չի փոխվել: Իսկ ՀՔԾ-ն ենթադրաբար իմ կողմից նման արարք կատարելու փաստի առթիվ նյութեր է նախապատրաստել, որի արդյունքում պարզվել է, որ իմ արարքում ոչ միայն ընդհանրապես հանցակազմ չկա, այլ բացակայում է հանցագործության դեպքը: Դրա հիման վրա Իսագուլյանի արարքում սուտ մատնության հատկանիշներ լինելու հանգամանքը պարզելու համար քրեական գործ է հարուցվել համապատասխան հոդվածով»:
Պետրոս Ղազարայնի դիտարկմանը, որ մեղադրանքներից մեկն էլ ըստ Միքայել Մինասյանի այն էր, որ պատերազմի թեժ օրերին նույնիսկ ՌԴ ԱԱԾ տնօրենի հետախոսահամարը չի ունեցել նա, Քյարամյանն ասաց, որ եղել է նման բան, որը անձնագրերի համատեքստում է ասվել, կոռուպցիայի հետ կապելով. «Իմ կարծիքով այդ անձի կողմից կոռուպցիայի մասին խոսելու հանգամանքը ինքնին սյուռ է: Իսկ ինչ վերաբերվում է ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ռուսաստանյան գործընկերոջ հեռախոսահամարը չունենալու հանգամանքին, ապա դա այնքնան պրիմիտիվ մանիպուլյացիա է, որ անգամ չգիտեմ որ տեսանկյունից անդրադառնամ: Ինձ համար անհասկանալի է, որ Հայաստանը ներկայացնող երբևէ դեսպան աշխատած անձը պատկերացնում է, որ հատուկ ծառայությունները, ԱԱԾ տնօրենները միմյանց հետ բջջային հեռախոսակապով են կապվում և դա քիչ է, մի հատ էլ մեծ բլոկնոտ ունեն որտեղ համարներ են գրված: Ի գիտություն պարոն դեսպանի, հատուկ ծառայությունները միմյանց հետ կապվում են հատուկ միջնորդավորված կապի միջոցով, որտեղ հեռախոսահամարներ իմանալու անհրաժեշտություն չկա»:

