Արցախի երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս հայտարարել է օկուպացրած տարածքները ադրբեջանցիներով վերաբնակեցնելու մասին։
ArmDaily.am-ի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի իշխանությունները, հասարակությունը խոսում են այն մասին, որ արագ պետք է իրականացնեն վերաբնակեցումը, մարդկանց տեղափոխել բռնազավթված տարածքներ։
«Հետաքրքիր էր, որ իրենք անմիջապես սկսեցին խոսել Շուշիի և Հադրութի մասին, համարելով, որ այդ քաղաքներն ունեն համապատասխան ենթակառուցվածքներ, արագ բնակեցում ապահովելու համար։ հետաքրքիր է նաև, որ չանդրադարձան Բերձոր և Քարվաճառ հատվածին և կենտրոնացան Շուշիի և Հադրութի տարածքների վրա, հայտարարելով, որ ամենահարմարն են առաջին փուլում արագ բնակեցնելու համար։ Մյուս տարածքների՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Կուբաթլու, Զանգելան, իրենք էլ են հասկանում, որ այդտեղ ենթակառուցվածքներ գրեթե չկան, բայց խնդիրն այստեղ հատկապես այն է, որ կոնկրետ Հադրութը նույնիսկ Խորհրդային Միության տարիներին գրեթե չի ունեցել ադրբեջանական բնակչություն,եթե չեմ սխալվում անգամ տասը տոկոսից քիչ թիվ են կազմել ադրբեջանցիները։ Փաստացիորեն մի տարածք, որը մտնում էր ԽՍՀՄ տարածքի մեջ և ուներ գերազանցապես հայկական բնակչություն, ադրբեջանցիները պատրաստվում են վերաբնակեցնել ադրբեջանցիներով։ Սա իրոք անհանգստացնող խնդիր է»,- ասաց Տոնոյանը։
Նա նշեց, որ եթե հայկական կողմը առաջիկայում աշխատելու է ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ, ապա կոնկրետ Հադրութի հայ բնակչության ձայները կարևոր են լինելու,եթե քվեարկություն լինի։
«Իսկ մենք տեսնում ենք, որ իրենք այսօր փորձում են տարածքը բնակեցնել ադրբեջանցիներով՝ համենայնդեպս այդ մասին հայտարարում են արդեն»,-ասաց փորձագետը։
ArmDaily.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանցիները կթողնեն իրենց տներն ու կգան բնակվելու այդ տարածքներում, Տոնոյանն ասաց, որ Ադրբեջանն ունի լծակներ, որպեսզի կարողանա բնակեցնել։
«Իհարկե ունենալու է խնդիրներ, բայց հաշվի առեք, որ կոնկրետ այդ երկու քաղաքներում՝ Շուշիի դեպքում վերապահումով, բայց Հադրութի դեպքում սեփական տներ վերադարձի խնդիր չի։ Այսինքն մարդիկ պարզապես քաղաքական նպատակ են դնում ադրբեջանցիներով վերաբնակեցնելու և կարծում եմ ունեն այդ լծակներն ու ռեսուրսները՝ անգամ գումար առաջարկելու դիմաց և այս համատեքստում կարող ենք դիտարկել նաև այն լուրերը, որ տեսնում ենք պարբերաբար վերջին շրջանում՝ հայերենի ուսուցման հետ կապված, անգամ գումարներ վճարելու, որպեսզի հայերեն սովորեն մարդիկ և այլն։ Այսպիսի խնդիրներ կան, կա քաղաքական նպատակ դրված և ամեն ինչ անելու են իրենց այդ նպատակին հասնելու համար»,-եզրափակեց Արտյոմ Տոնոյանը։
Հայկա Ալոյան

