ՀՀ վարչապետը, ով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարությունը, փաստացի ստորագրել է նաեւ կետը, որում նշված է Ղարաբաղի տարածքից հայկական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին պահանջը, չնայած այդ տարածքում ստորաբաժանումներ չեն եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ընթացիկ իրավիճակի եւ դրանից ելքի ուղիների մասին, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարության իրավազորության մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա կարծիքով՝ դա եւ շատ այլ բացթողումներ, որոնք թույլ է տվել գործող իշխանությունն այդ ընթացքում եւ հատկապես եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ, ինչպես նաեւ նրա անկարողությունը, երկիրը սպառնալիքի առջեւ են կանգնեցրել եւ կարող են հանգեցնել Հայաստանի համար անցանկալի հետեւանքների: Սիմոնյանը նաեւ իշխող դաշինքից իր գործընկերներին առաջարկեց օգտվել միջազգային իրավունքի ոլորտում իր մասնագիտական փորձից եւ գիտելիքներից այս կամ այն փաստաթղթի կամ առաջարկի քննարկման ժամանակ: Այնուամենայնիվ, Սիմոնյանի առաջարկը դժգոհություն առաջացրեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի մոտ, ով հայտարարեց, որ իրենք կլուծեն հարցն ինքնուրույն, առանց որեւէ ծառայության կամ խորհրդի: Ավելին, Հովակիմյանի կարծիքով, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժեր հայտարարություններ են անում, որոնք ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին, ինչից օգտվում են Ադրբեջանում: Տվյալ հայտարարությունը դուր չեկավ Սիմոնյանին, վերջինս հանգսիտ, բայց եւ կոշտ զգուշացրեց Հովակիմյանին, որպեսզի նա հետագայում նման հայտարարություններ թույլ չտա: «Ես ընդամենը առաջարկեցի իմ ծառայությունները, հավանաբար, ինչ-որ օր ինձ պետք կգա ձեր օգնությունը լրագրության ոլորտում»,-ասաց Սիմոնյանը: Նա կրկին հիշեցրեց, որ տվյալ դեպքում խոսքը որոշման նախագծի մասին է, որի քննարկումն ավելի վաղ արգելափակել էր «Իմ քայլը»: Պատգամավորը նաեւ նկատեց, որ ՀՀ վարչապետը կարող է ստորագրել այս կամ այն հայտարարությունը, սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում ստացվեց, որ Հայաստանը, փաստացի, ստանձնեց որոշ պարտավորություններ պետական մակարդակով, իսկ դա չէր կարող տեղի ունենալ առանց ԱԺ համապտասխան որոշման, քանի որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Սիմոնյանը նկատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հաշվի առնելով իրականացված կետերը, որոնք նշված են դրանում, տվյալ հայտարարությունը փաստացի վերածել է համաձայնագրի՝ բարձրացնելով դրա իրավական նշանակությունը: Դրանից ելնելով՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է վարչապետի գործողություններն անօրինական համարել: Նախագծի հեղինակը կարծում է, որ ՀՀ կառավարությունը, փաստացի, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ստանձնելով խորհրդարանի գործառույթներն ու պարտավորությունները: Սիմոնյանի նախաձեռնությանն աջակցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստանից» ներկայացուցիչներ ներկա չէին:
Այնուամենայնիվ, «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Հայաստանի խորհրդարանը որեւէ լիազորություն չունի որեւէ գնահատական տալու գործող իշխանության գործողություններին, քանի որ նման հարցերը գտնվում են Սահմանադրական դատարանի լիազորությունների ոլորտում, եւ պետք է քննարկվեն միայն այդ շրջանակում: Բավական բուռն եւ էմոցիոնալ ելույթներից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց տվյալ նախագծին:

