Ես շատ գոհ եմ և շատ մեծ ապագա եմ տեսնում Հայաստանի տնտեսության համար հունվարի 11-ի ստորագրված փաստաթղթերի համատեքստում, քանի որ Հայաստանն ըստ այդմ դիտարկվում է որպես տարանցիկ տարածք։
Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն՝ անդրադառնալով «Կոմերսանտում» հրապարակված տրանսպորտային միջանցքների, ներառյալ՝ երկաթուղու քարտեզին, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանն ու Ադրբեջանը։
«Ես որևէ խնդիր չեմ տեսնում այս ճանապարհի շահագործման և այս ճանապարհով բեռների տեղափոխման հետ կապված։ Ամեն խնդիր իր լուծումներն ունի, բոլորս կարող ենք օգտվել դրանից։ Առաջին հերթին պետք է Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ տարածք ու Հայաստանի բյուջե դրանից պետք է գումարներ մտնեն, իմ համար ամենակարևորն այս է»։
Դիտարկմանը, թե շատերը կարծում են, որ այդ ճանապարհն հայկական ապրանքների համար անվտանգ չեն լինի՝ նա նշեց, որ ցանկացած խնդիր ունի իր լուծումը։ «Մարդիկ վճարում են՝ անվտանգության ծառայություններ են վարձում, եթե այստեղի ծառայությունը չի կարողանում երաշխավորել անվտանգությունը, ապա կարելի է Իսրայելից անվտանգություն վարձել, ասել՝ մեր բեռներն ապահովագրի ու ապահով տեղ հասցրու։ Իհարկե, ես իմ ապրանքն էլ կուղարկեմ, Թուրքիան էլ իր ողջ ապրանքաշրջանառությունն է իրականացնելու այդ ճանապարհով, ես մեծ ապագա եմ տեսնում» ,-ասաց նա։
Երեւանից Ռուսաստան ճանապարհն ունենալու է հետևյալ երթուղին՝ Երևան- Նախիջեւան- Մեղրի-Զանգելան-Ջաբրայիլ-Բաքու-Դագեստան։

