Այսօր ՏԿԵ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։
Այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել սպառողների մոտ, իսկ ԱԳԼՃԿ-ներում մեծ հերթեր են գոյացել։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանն անդրադառնալով անջատումներին նշեց. «Նախարարությունն իրազեկել է, որ հնարավոր է լինեն անջատումներ, ինչը ենթադրում է, որ հնարավոր է նաև չլինեն։ Հանրապետության տարածքը կարող է ընդգրկել, որովհետև վթարավերականգնողական աշխատանքներ են ընթանում մայրուղային գազատարի վրա։ Աշխատանքները փորձում ենք այնպես կազմակերպել, որ բնակիչների վրա չանդրադառնա։ Գազի առումով ամենայն հավանականությամբ չի անդրադառնալու, այսինքն գազի անջատումներ բնակիչների շրջանում չեն լինի, այստեղ խոսքը ԱԳԼՃԿ-ների մասին է, իսկ հոսանքի հետ կապված նույնպես հանրապետության ինչ-որ տարածքներում ինչ-որ ժամերի հնարավոր են անջատումներ, շուրջօրյա անջատումների մասին խոսք լինել չի կարող»։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից էլ տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ս.թ. հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով:
Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար, ղեկավարվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 5.5.-րդ կետի «ա» ենթակետով, 5.5.1. կետով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել ս.թ. հուվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

