Ինչպես եւ գրել էինք, իշխանությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է առաջադրելու ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար։ Արդեն «Իմ քայլի» հետ հանդիպումը եղել է, առաջիկա քառօրյային նրա թեկնածությունը կներկայացվի խորհրդարանին։ Ջհանգիրյանը ուրախ կլիներ, որ ընտրվեր շատ բարձր քվեով՝ լինելով նաեւ ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուն։ Վաղը կհանդիպի նաեւ խորհրդարանական այդ խմբակցությունների հետ։
Իսկ այսօր Գագիկ Ջհանգիրյանը փայլել է իր «բարեվարքությամբ», լրագրողների հետ շփման էթիկայով։ Նա կին լրագրողներից մեկի հարցերին ի պատասխան ասաց, թե «կանանց ճնշում գործադրելն ինձ շատ դուր է գալիս, գործադրի, ազիզ ջան»։
Պատկերացնում եք՝ նախկինում որեւէ պատգամավոր, պաշտոնյա, թեկնածու նման կերպ արտահայտվեր, էլ գենդերային խնդիրներով զբաղվող իրավապաշտպաններ, էլ լրագրողական կազմակերպություններ, էլ քաղհասարակություն միմյանց հերթ չտալով դատապարտող հայտարարություններ կտարածեին, բայց հիմա բոլորը լուռ են։ Լուռ են անգամ նրանք, ովքեր ժամանակին բողոքում եւ պայքարում էին զինդատախազ Ջհանգիրյանի դեմ, նրա թեկնածությունը այսօր հարցեր եւ մտահոգություններ չի առաջացնում, ինչպես նրա գործունեությունը հարցեր չի առաջացրել նախկին իշխանությունների ժամանակ։
Ջհանգիրյանը չպատասխանեց լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերել են իր եւ Փաշինյանի միջեւ «անցած-գնացած վատ էպիզոդներին»՝ նշելով, թե խարդավանքների չի ցանկանում տրվել։ Ինչ խարդավանքների մասին է խոսքը, երբ այդ հայտարարությունները հնչել են, տեսանյութերը կան։
Ինչ վերաբերում է 65 տարեկանը լրացած լինելու հանգամանքին, Ջհանգիրյանը հիշում է Գագիկ Հարությունյանի դեպքը, ով 70տ լրանալուց հետո դարձավ ԲԴԽ նախագահ։ Ի դեպ, ժամանակին Հարությունյանի այս քայլը անողոք քննադատեցին քաղաքական, հասարակական գործիչները, դատավորները հայցեր ներկայացրին դատարան՝ վիճարկելով Հարությունյանի լեգիտիմությունը։
Այս ամենը, ավաղ, շատ հեշտ մոռացել են նախկին ընդդիմադիրները, երբեմնի իրավապաշտպանները, հ/կ սեկտորը, բայց եթե անգամ Ջհանգիրյանը ընտրվի ԲԴԽ անդամ, դժվար դատավորները չսկսեն նույն գործընթացը, ինչ արեցին Հարությունյանի նկատմամբ՝ վիճարկել նրա լեգիտիմությունը հենց նույն տարիքային ցենզով։ Դատական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ԲԴԽ անդամը պետք է բավարարի դատավորին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ 65 տարեկանի ցենզը, մինչդեռ Ջհանգիրյանը վկայակոչում է լիազորությունների դադարեցման հոդվածը՝ 86-րդ հոդվածը, որտեղ տարիքի մասին որեւէ նշում չկա։ Այնինչ Ջհանգիրյանը դեռ պետք է ընտրվի, որ հղում անի լիազորությունների դադարեցման հոդվածին, խախտմամբ ընտրված լինելն էլ է լիազորությունները դադարեցնելու հիմք։ Հետեւաբար՝ Ջհանգիրյանը եւ նրան առաջադրող թիմը պետք է կարդան Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, ըստ որի՝ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում: Իսկ դատավորի համար սահմանափակում է նաեւ տարիքային ցենզը, 65տ լրացած լինելը։
Փաստացի՝ իշխանությունը եւ Ջհանգիրյանը անտեսում են այս ամենը՝ ամեն գնով ԲԴԽ գնալու համար՝ հաշվի չառնելով, որ հետո լիազորությունները կարող են դադարեցվել հենց տարիքային ցենզի հիմքով՝ վկայակոչելով դատավար-գիտնական հավասարեցված կարգավիճակին։ Իսկ լիազորությունները դադարեցնելը նվազագույնն է, հաջորդ իշխանությունը, աչքի առաջ ունենալով ներկայի փորձը, կարող է սկսել նույն քրեաիրավական գործընթացը «Իմ քայլի» նկատմամբ, ինչպես նրանք դա արեցին ՍԴ-ի դեպքում՝ կազմաքանդելով մի ամբողջ կառույց, խաղալով նրա հեղինակության հետ, ցնցումների տանելով երկրի իրավական անվտանգությունը։
Այսօր Ջհանգիրյանը այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց իր՝ զինդատախազ աշխատած տարիներին հանցագործություններ կոծկելու, զինծառայողների խախտված իրավունքների մասին մեղադրանքներին, «Մատաղիսի» հայտնի գործի բեկանմանը՝ սլաքները ուղղելով նախկին զինդատախազներ Արմեն Խաչատուրյանին եւ Գեւորգ Կոստանյանին, թե նրանք էլ են արել նույնը, ինչ ինքը։
Բնականաբար՝ Ջհանգիրյանը չի ընդունում քննադատությունը եւ մեղադրանքները իր հասցեին, խոսում անկաշկանդ, ինքնավստահ, հոխորտալից։ Չնայած Ջհանգիրյանը հերքեց նաեւ իր՝ նեղ շրջապատում ավելի վաղ արած հայտարարությունը, թե գնում է դատավորներին բռի մեջ հավաքելու, այնուհանդերձ, նույն ճեպազրույցի ժամանակ ինքն իրեն հակասում է՝ հայտարարելով, թե «ես չեմ հասկանում, երբ ռազմական զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում կամ հսկայական զինվորական ռազմական արսենալը հայտնաբերում են մեկի մոտ և դրանով ուզում են մարդ կալանավորեն, բայց դատարանը մերժում է»։
Այսինքն՝ Ջհանգիրյանը ակամայից մատնում է իրեն, որ ինչպես վարչապետը եւ իշխանությունը ինքը եւս չի ընդունում, որ դատավորները համարձակվում են ինչ-ինչ մեղադրանքներով մարդկանց ազատ արձակել։ Հետեւաբար՝ հենց այս հարցերը լուծելու հեռահար նպատակներով էլ Ջհանգիրյանը գործուղվում է ԲԴԽ, որպեսզի այլեւս դատավորները «ռազմական զինված հեղաշրջման մեջ մեղադրվողներին ազատ չարձակեն»։
Ամեն դեպքում, Ջհանգիրյանը զգուշավոր է, որեւէ խնդիր չի տեսնում «վնգստացող դատավորներ» արտահայտությունից, վարչապետի մոտ հանդիպում կազմակերպելուց, դատական իշխանության հասցեին գործադիրի ներկայացուցիչների անընդունելի մեղադրանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց։ Իրավաբանի իր տարիների փորձով հպարտացող Ջհանգիրյանը անընդունելի է համարում Մովսես Հակոբյանի հայտարարությունները՝ նշելով, որ նախկին բարձրաստիճան զինվորականը իրեն իրավունք չպետք է վերապահի նման հայտարարություններ անելու։ Իսկ արդյոք նախկին զինդատախազը իրավունք ուներ քաղաքականությամբ զբաղվելու, ընտրությունները կեղծելու մասին հայտարարություններ անելու։
Մի բանում Ջհանգիրյանը, իհարկե, ճիշտ է, ինչու իրենից հետո չքննեցին իր գործունեությունը, իր օրոք քննված գործերը։ Պատասխանը պարզ է՝ բոլոր ժամանակներում Ջհանգիրյանը գիտեր նժարի ծանր կողմը որն է։ Պաշտոնյա ժամանակ քանի դեռ հոկտեմբերի 27-ի քննչական խմբի ղեկավարն էր, աղմկում էր, ասուլիսներ տալիս, բայց հենց Արամ Սարգսյանը դուրս եկավ իշխանությունից, լռեց։ Քոչարյանի հետ հարաբերությունները անտանելի էին, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ նա հարմար ընդդիմադիր էր, լոյալության դիմաց արտոնություններից էր օգտվում, օրինակ՝ մամուլը գրեց, թե ինչպես օրենքի խախտումով եւ մեծ կռվով Ջհանգիրյանի դստերը դարձրեցին Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրեն։
Ջհանգիրյանը եւ նրա հարազատները չանտեսվեցին նաեւ հետհեղափոխական Հայաստանում։
Նրա փոքր դստեր՝ Լիլիթի ամուսինը՝ Կարեն Սեդրակյանը, ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ։ Մյուս փեսան էլ՝ Անրի Վարդանյանը, 2018 թվականից եղել է ՊԵԿ «Զվարթնոցի» մաքսատան պետը, այնուհետեւ դարձել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետ։ Ի դեպ, մամուլը գրել էր նաեւ, որ Ջհանգիրյանը ցանկանում է որդուն դարձնել ՍԴ դատավոր։ Նրա որդին ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ եւ աշխատում է Սուքիասյանների բանկում՝ որպես իրավաբանական վարչության պետ, վարչության անդամ։
Մինչ բանկում աշխատանքի անցնելը՝ 2002-2013թթ նա աշխատել է պետական համակարգում՝ ռազմական ոստիկանությունում, նախագահի վերահսկողական ծառայությունում եւ այլն։
Մի խոսքով՝ իսկական անբիծ կենսագրությամբ, առանց նախկինների հետ կապերի, կոռուպցիոն գործարքների եւ սկանդալների թեկնածու է Ջհանգիրյանը՝ դատական համակարգի իսկական բարեփոխիչը։ Ստյոպա Սաֆարյանը կարող է հանգիստ լինել, իշխանությունը վեթինգը սկսել է՝ հանձին Ջհանգիրյանին դատական իշխանություն գործուղելով։

