Մեքենայով Պաշտպանության նախարարության վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասը կոտրած անհայտ կորած զինծառայողի հորը մեղադրանք առաջադրված չէ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Ստեփանյանը։
«Անձի ձերբակալման ժամկետը այսօր լրանում է, մեղադրանքի և խափանման միջոցի հարցը դեռևս լուծված չէ։ Այսօր ինձ հրավիրել են զորային 4-րդ քննչական բաժին, որպեսզի այդ հարցերը լուծվի։ Այս պահին նա դեռ ՁՊՎ-ում է։ Օրվա երկրորդ կեսին արդեն պարզ կլինի՝ նրան ազատ են արձակելու, թե կներկայացնեն կալանքի միջնորդություն։ Ես հույս ունեմ, որ անձը չի կալանավորվի և խափանման միջոցն ազատությունից զրկելու հետ կապված չի լինի»։
Հարցին՝ արդյոք իր պաշտպանյալը գտնվել է աֆեկտիվ վիճակում, նա նշեց, որ աֆեկտիվ վիճակը գնահատելու համար պետք է փորձագիտական եզրակացություն, դա տևական ժամանակ է պահանջում, սակայն դեպքին նախորդող ժամանակահատվածում լուրջ գործընթացներ են եղել, որոնցից կարելի է եղրակացնել, որ դա ակնհայտ է։
«Ես առաջարելու եմ, որ պաշտպանյալիս խափանման միջոցը ստորագրությունն ընտրեն, որպեսզի ինքը կարողանա քննչական գործողություններին ներկայանալ՝ ազատության մեջ գտնվելով։ Նա չունի հանցավոր անցյալ, չունի հանցավոր հակումներ, այն ինչ արել է՝ եղել է հոգեբանական ապրումների ազդեցության ներքո, դրան նախորդող օրերին նա հոգեկան տանջալից ապրումներ է ունեցել։ Հերթական անգամ մի քանի դիահերձարաններում է եղել։ Արդեն մի քանի օր, նաև այդ օրը, 3-4 դիահերձարան է այցելել, տեսել է զինվոր երեխաների աճյուններ ու գործողությունները կատարել է հուսահատությունից, անճարությունից, ես չեմ կարող քննչականի փոխարեն որևէ բան ասել, բայց կարծում եմ հոգեբանական, մարդկային վիճակները չեն կարող հաշվի չառնվել»։
Փաստաբանը պատմեց, որ այդ անձը սեպտեմբերի 28-ից եղբոր հետ մեկնել է Ջաբրայիլ, որտեղ ծառայել է որդին ու կամավորագրվել։ «Տղայից մի քանի 100 մետր հեռավորության վրա է եղել՝ հարևան դիրքերում։ Իրենք Ջաբրայիլի զորամասից բարձրացել են հարևան դիրքեր, այլ վայրով նահանջով հետ են եկել։ Վերջին անգամ հոկտեմբերի 4-ին է խոսել որդու հետ, ապա կապը կտրվել է ու այլևս որևէ լուր չի եղել։ Իրենք նշում են, որ երեխայի անունը զոհվածների ցուցակում է, սակայն մարմինը դեռ հայտնաբերված չէ։ ԴՆԹ փարձաքննության համար նմուշներ են հանձնել, բայց դեռ պարզ էլ չէ փորձաքննություն կլինի, և եթե լինելու է, ապա՝ երբ»։
Հիշեցնենք, որ ՊՆ վարչական շենքի վրա հարձակման դեպքով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ։

