ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այսօր Արցախում վերականգնում են «5-րդ ալիքի» հեռարձակումը: Մենք փորձեցինք թեմայի հետ կապված տեղեկությունները ճշտել «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանից։
-Պրն. Հարությունյան, ArmDaily.am-ի տեղեկություններով` այսօր Արցախում վերականգնում են «5-րդ ալիքի» հեռարձակումը: Ինչպե՞ս հնարավոր եղավ վերահեռարձակումը:
-Չգիտեմ, Արցախից պետք է հարցնեք, իրենք էին անջատել պատերազմից առաջ առանց մեզ տեղեկացնելու:
-Դուք չե՞ք դիմել:
-Մենք նամակով դիմել ենք պարզաբանում ստանալու ՝ ինչու են անջատել և արդյո՞ք նախատեսում են երբևիցե հեռարձակել, որպեսզի մենք հասկանանք առաջիկայում մեր ցանցային քաղաքականությունը ինչպես կազմակերպենք:
-Եւ՞, պատասխանե՞լ են:
-Դեռ ոչ, միայն գիտեմ, որ ցանկություն ունեն վերականգնել հեռարձակումը: Ես դեռ սպասում եմ պաշտոնական պատասխանին:
-Մենք տեղեկացանք, որ այսօր միացնում են, Դուք տեղյակ չե՞ք:
- Մեր տեխնիկական տնօրենին են զանգահարել և ինչ որ աշխատանքներ են անում համատեղ: Ես հանձնարարել եմ, որ օգնեն:
-Այնուամենայնիվ, ինչպես նախկինում էիք մտածում, հիմա էլ նույն կարծիքի՞ն եք։
-Ես ոչ թե մտածում էի, այլ փաստերն էի արձանագրում և համադրում: Հիմա էլ նույն կարծիքին եմ՝ մեր ալիքը փակելը Արցախում նախատեսված պարտության ծրագրի մաս էր կազմում: Ես ասել եմ, հիմա էլ կրկնում և հաստատում եմ: Հիշո՞ւմ եք ոչ անհայտ պատգամավորը, ում անունը շրջանառվում է որպես օտարերկրյա գործակալական ցանցի ակտիվ անդամ, ինչ էր գրել մեր ալիքի փակման օրը: Նա էր այդ գործընթացի քավորը և եւս մեկը, ում անունը չեմ նշում, որ շուրթերիս դառնություն չիջնի:
- Պրն. Հարությունյան, ուրբաթ օրը ՀՌԱՀ-ը հայտարարելու է մրցույթի արդյունքները և եթե Ձեր հեռուստաընկերությունը արտոնագիր չստանա, ի՞նչ եք անելու: Գուցե սպասեիք արտոնագրին, նոր վերահեռարձակվեիք Արցախում:
-Հնարավոր է , որ չստանանք, հնարավոր է նաև՝ հակառակը, բայց դա ողբերգություն չպետք է դարձնենք: Տեսալսողական մեդիայի մասին օրենքի համաձայն մենք հեղինակազորվել ենք և այլ՝ հնարավոր բոլոր տարբերակներով մենք շարունակելու ենք լինել եթերում: Այնպես որ մեկը մյուսին չի խանգարելու: Իհարկե ցանկալի է, որ հանրային մուլտիպլեքսում ունենանք մեր տեղը, բայց չունենալու դեպքում էլ շարունակելու ենք աշխատել: Մեր հետագա ծրագրերը իրականացնելու համար, իսկ դրանք բավականին հավակնոտ են, ոչինչ չի կարող խանգարել: Դժվարություններ կստեղծվեն, բայց բոլոր դժվարությունները հաղթահարելի են եթե հարցին մոտենում ես պրոֆեսիոնալ տեսանկյունից և համռությամբ:
-Իսկ ձեր ակնարկած հավակնոտ ծրագրերի մասին կխոսե՞ք:
-Անպայման, երբ արդեն իրականանան, կխոսենք, որպեսզի նաև գնահատենք, իսկ առայժմ ճիշտը լռելն ու գործ անելն է:

