Մենք տեսանք, որ Մոսկվայում հայկական օրակարգ չկար, կար Ադրբեջանական օրակարգ։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
«Այն խայտառակությունը, որը փորձում է իշխանական թևը ներկայացնել որպես ձեռքբերում կամ հաղթանակ, այնքանով զավեշտալի է: Մեզ փորձում են համոզել, որ օրինակ Մեղրիի միջանցք, միջանցք... այդ հարցերը կամ չեն քննարկվել, կամ այնպես չէ, ինչպես ներկայացվում է։ Բայց արի ու տես ինչպես ուզում եք անվանեք Պանթուրանական 100 տարվա երազանքը առ այն, որ Նախիջևանից Թուրքիան միանա Ադրբեջանի հետ երկաթգծով։ Հայաստանը փաստացի մասնակցում է պանթուրանական մեծ պրոեկտին»,- ասաց Աբովյանը։
Անդրադառնալով ապաշրջափակմանն ու դրա՝ տնտեսության վրա ունեցած ազդեցությանը՝ Աբովյանը նշեց. «Մեզ փորձում են համոզել, որ տնտեսական համագործակությունը կբերի առավելագույն օգուտների՝ մանանա կթափվի երկնքից։ Բացարձակ սուտ է, ենթադրենք գնացին իրենք այդ ճանապարհով ու ինչ որ մի ձև բոլորին խաբելով կրկին անգամ բոլորին անհասկանալի իրավիճակի մեջ դնելով՝ բացեցին՝ ի՞նչ է փոխվում, մենք տնտեսական ճանապարհի բացումը փոխում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության, Արցախի Հանրապետության ոչնչացման, թուրք-ադրբեջանական պանթուրանական պրոեկտի իրականացման հե՞տ։ Որ ասում են հեսա ճանապարհները կբացվեն, կներեք՝ մենք Ռուսաստան չէ՞ինք դուրս հանում ապրանք, կամ Իրան դուրս չէի՞նք հանում ապրանք»։
Հարցին՝ հատկապես ռուսական մամուլում լայն տարածվում է քարտեզ՝ Ադրբեջանը Մեղրիի հատվածով Նախիջևանին կապող՝ ի՞նչ կարծիք ունեն այս քարտեզի մասին՝ պատգամավորը նշեց. «Խորհուրդ կտամ իշխանությունը, իշխանական թևը և հանձինս Փաշինյանը մի հատ ուսումնասիրեն բոլոր այն ճանապարհները, որոնք գնում են հենց անմիջապես Մեղրիի միջանցքով»։
Նա նշեց, որ այդ ճանապարհի կառուցման շուրջ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվում. «Ադրբեջանն ու Թուրքիան արդեն բացահայտ նախահաշվարկներ են անում, թվեր են հնչեցնում օրինակ 478 մլն դոլար կնստի այդ ճանապարհի կառուցումը։ Այնտեղ որոշակի աշխատանքներ են գնում, եթե իրենց գնում են որոշակի ճանապարհով, ապա դա չեն կարող կոծկել, խաբել, ասել չկա նման պայմանավորվածություն»։
Մանրամասները՝ տեսանյութում.

