Պատերազմի ավարտից հետո հրաժարական տվեց ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը։ «Հրապարակի» տեղեկություններով ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություններում ԿԳՄՍ նախարար Դումանյանն իր օգնությունն է խոստացել ներկայիս Էկոնոմիկայի նախարարի եղբորը՝ Ավետիք Քերոբյանին, իսկ Հանրային Հեռուստաընկերության նորանշանակ տնօրենին հովանավորում է Աննա Հակոբյանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանն ասաց, որ այդ մասին տեղեկություն չունի, տեղյակ է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ են եղել և նշված անձինք դարձել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ. «Բայց թե հոգաբարձուների խորհրդի նախագահ ով ում է խոստացել, դա խոստանալով չի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները և որևէ մեկը, հատկապես եթե այդ մարդիկ Հոգաբարձուների խորհրդի անդամ էլ չեն, որևէ մեկը որևէ մեկին որևէ բան չի կարող խոստանալ ու ԵՊՀ-ն ինքն է որոշելու, թե իր Հոգաբարձուների խորհրդի նախագահն ով է լինելու։ Ես չգիտեմ, թե ով ում ինչ է խոստացել, բայց Երևանի Պետական Համալսարանն առաջնորդվելու է իր շահերով, որևէ մեկը դրսից ԵՊՀ-ին չի կարող պարտադրել և այս կառույցի հետ պարտադրանքի լեզվով խոսել ու պարտադրել, որ որևէ անձի ընտրեն որպես հոգաբարձուների խորհրդի անդամ։ Դա բացառվում է»։
Ավետիսյանը նշեց, որ կարևոր չէ, թե ով կլինի ԵՊՀ-ին հոգաբարձուների խորհրդի նախագահ պարտադրողը՝ միևնույն է այդ նախաձեռնությունը տապալվելու է։ Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին, ապա նիստի օր նշանակված չէ, քանի որ խորհրդի նախագահը հրաժարական է տվել՝ այնինչ խորհրդի աշխատակարգով խորհրդի նիստ հրավիրում է նախագահը։ Թե ինչպես է կարգավորվելու այս հարցը ՝ դեռևս պարզ չէ։
«Պարզ չի, թե մոտակա ապագայում էլ հոգաբարձուների խորհրդի նիստ ինչպես պետք է հրավիրվի, խորհուրդն ինչպես պետք է կազմվի, ի՞նչ սկզբունքով խորհրդի անդամները պետք է տեղեկացվեն հոգաբարձուների խորհրդի նիստի մասին, մի խոսքով այս պահին առկախված է այդ հարցը և ցավալի է, քանի որ Երևանի Պետական Համալսարանն իր 101-ամյա պատմության մեջ առաջին անգամ նախորդ տարին փակել է և հաջորդ նոր տարի է եկել առանց ֆինանսական փաստաթղթի հաստատման՝ այսինքն առանց բյուջեի հաստատման»,-նկատում է Արհմիության նախագահը։
Արմեն Ավետիսյանը նշում է, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը և ինչպես ինքն է բնորոշում՝ ապիկար իշխանությունները, բոլոր հնարավոր ձևերով Երևանի պետական համալսարանը 2.5 տարում քանդուքարափ արեցին բառացիորեն։
«Կրթական համակարգը ավիրեցին, գիտական համակարգը ավիրեցին, համալսարանում ձևավորված ավանդույթները քանդեցին։ Համալսարանն այսօր գտնվում է մեղմ ասած շատ վատ վիճակում, որովհետև չունի ընտրված ռեկտոր, չունի հոգաբարձուների խորհրդի նախագահ, չունի հաստատված ռազմավարական ծրագիր, չունի հաստատված բյուջե՝ մի խոսքով համալսարանն այսօր գտնվում է շատ անմխիթար վիճակում։ ԵՊՀ-ն իր 101-ամյա պատմության մեջ երբեք այսքան վատ վիճակում չի եղել»,-ասաց Ավետիսյանը։
ArmDaily.am-ի այն հարցին, թե ռեկտոր ու հոգաբարձուների խորհրդի նախագահ չունենալն ինչպես է ազդում ԵՊՀ-ի աշխատանքի վրա, Արմեն Ավետիսյանն ասաց, որ երկու տարի շարունակ համալսարանը ռեկտոր չի ունեցել, մի քանի ամիս է հոգաբարձուների խորհուրդը նախագահ չունի ու դա միայն բացասական է ազդում ԵՊՀ-ի վրա։
«ԵՊՀ-ի ամբողջ պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ եղել են պաշտոնակատարներ, բայց դա տևել է երկու, երեք կամ չորս ամիս, բայց ոչ երկու տարի։ Սա բուհական համակարգի հանդեպ իշխանությունների տածած վերաբերմունքն է, ինչպես նաև իշխանությունների տածած առանձնահատուկ վատ, չար վերաբերմունքն է Երևանի պետական համալսարանի հանդեպ։ Այստեղ միտում կա ու երկրորդ կարծիք չի կարող լինել։ Նախկին նախարարը հետևողականորեն քանդեց ԵՊՀ-ը, դրան աջակցում, թև ու թիկունք էր անում ներկայիս ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և այսօր Երևանի պետական համալսարանը գտնվում է փլուզման եզրին, եթե ոչ արդեն փլուզվել է։ Այս իշխանությունների մոտ ես իրավիճակը կարգավորելու ցանկության նույնիսկ փոքր նշույլ չեմ տեսնում ու խոսքը ոչ միայն ԵՊՀ-ի, այլ ընդհանրապես բուհական համակարգի մասին է»,-ասաց վերջինս։
Արհմիության նախագահը նշեց, որ Պոլիտեխնիկն ու Ֆիզիկական կուլտուրային ինստիտուտը ևս ռեկտորներ չունեն, շուտով լրանալու է ԵՊԲՀ-ի ռեկտորի ժամկետը, մեկ ամսից լրանում է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամկետը։
«Այնպիսի տպավորություն է, որ նախկին նախարարն ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը Երևանի պետական համալսարանը ատում են՝ չեն սիրում։ Չգիտեմ, նրանից է, որ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ի դիպլոմ չի ստացել, Հարությունյան Արայիկն էլ ամբողջ կյանքում ԵՊՀ-ում սովորելով ու աշխատելով այդպես էլ չկարողացավ ներգրավվել համալսարանական միջավայր ու ինքն իրեն համալսարանական համարել՝ միգուցե դրա հետևանքն է, բայց այնուամենայնիվ, մարդիկ քանդում են համալսարանը շարունակաբար»,- եզրափակեց Արմեն Ավետիսյանը։

