Նախկին դատապարտյալների անակնկալը՝ ներկա դատապարտյալներին. ովքեր են ՔԿՀ-ներում պահվող կին դատապարտյալների «Ձմեռ պապիկները»
Վազող տող
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ն ՔԿՀ-ներում հանդես է եկել «Ձմեռ պապին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում նրանց հետաքրքրում է ազատազրկված անձանց ցանկությունները և ակնկալիքները Ձմեռ պապից։ Ընդ որում, այս շրջաբերականը ՔԿՀ պետերին ուղարկվել է 2020թ-ի դեկտեմբերի 28-ին։
ArmDaily.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն՝ պարզելու՝ արդյոք եղել է նման ներքին շրջաբերական, եթե այո, ապա ինչ սկզբունքով են ընտրվում կազմակերպությունները, և ինչ նպատակ էր հետապնդում այս շրջաբերականը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՔԿԾ-ից հայտնել են, որ Քրեակատարողական ծառայությունը մշտապես համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների հետ ազատազրկված անձանց ազատ ժամանակը տնօրինելու, արտաքին աշխարհի անմիջական և ոչ անմիջական շփումներն ու կապը պահպանելու, վերասոցիալականացման, օգտակար զբաղվածությունն ապահովելու, իրավաչափ վարքագիծ խթանելու, հասարակությանը վերաինտեգրվելուն նպաստելու և այլ նպատակներով։
ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ն պետական գրանցում է ստացել վերջերս՝ 2020թ-ի դեկտեմբերի 16-ին, որպես գործուներության տեսակ նշված է անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն, չներառված ուրիշ խմբավորումներում։
ՀԿ-ի նախագահը Իրինա Մանուկյանն է, ով մի շարք ՀԿ-ների հիմնադիր է։ Մասնավորապես 2019թ-ի հուլիսին պետական գրանցում է ստացել վերջինիս «Անապակ» բնապահպանական և իրավական ՀԿ-ն։ Վերջինս ունեցել է նաև Մանուկյան Իրինա Գրիգորի ՀԿ-ն, որը իրավաբանական գործունեություն է ծավալում։
Մանուկյանը եղել է նաև ՍՈՆՍԻԼՎ ՍՊԸ-ի հիմնադիրը, որը սնանկ է ճանաչվել։
ArmDaily.am-ի հետ զրույցում Իրինա Մանուկյանը հայտնեց, որ «Հանուն ազատության» իրավական ՀԿ-ի հիմնադիրն ինքն է, այլ մանրամասների համար խնդրեց դիմել ՀԿ-ի անդամներից Արմենակ Դավթյանին։
Մեզ հետ զրույցում Արմենակ Դավթյանը ասաց. «Մեր ՀԿ-ն ստեղծվել է դատապարտյալների իրավունքների լոբբինգի համար, որոշեցինք դեկտեմբերի վերջին երկու շաբաթը դիմել ՔԿԾ-ին, և բոլոր ՔԿՀ-ներին ուղարկվեց մեր նախաձեռնությունը։ Միայն Աբովյան ՔԿՀ-ի կանայք մասնակցեցին, բոլոր տղամարդիկ հրաժարվեցին»։
Նա նշեց, որ այս ծրագրերը շարունակական են լինելու, իրենք ցանկանում են դատապարտյալներին ներգրավվել աշխատատեղերում՝ գտնեն դոնոր կազմակերպություններ։
Հարցին՝ ի՞նչ բնույթի ցանկություններ էին հայտնել կանայք և կատարվե՞լ են նրանց ցանկությունները՝ Դավթյանը նշեց. «Կանանցից մեկը բաց կալանքի համար էր դիմել, մեկը Ձմեռ պապիկից ուզել էր, որ դռները բացվի, ինքը գա զոհված ազատամարտիկների գերեզմանին այցի։ Հիմնականում իրենց ազատության համար էին դիմել։ Դեռ ցանկությունները չեն կատարվել, դիմելու ենք արդարադատության նախարարություն մոտ օրերս, ինչպես նաև դոնոր կազակերպություններին, որպեսզի ֆինանսավորի, քանի որ դա կախված է ծախսերի հետ՝ պաշտպանի վարձակալում և այլն։ Առաջիկայում ցանկանում ենք աշխատատեղերի, կրթության հետ կապված ծրագրեր իրականացնել ՔԿՀ-ներում»։
Այս ընկերության մասին մեզ չհաջողվեց գուգլ որոնման արդյուքներում որևէ հրապարակում գտնել։
Հիշեցնենք, որ Արմենակ Դավթյանը 5,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2020թ-ի սեպտեմբերի 4-ին պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել։ Ի դեպ նրան դատարան չէին տարել ու Արմենակ Դավթյանի շահերը դատարանում պաշտպանեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իրինա Մանուկյանը։
Իրինա Մանուկյանի դեմ ևս քրեական գործ էր հարուցվել 2016թ-ին։ Մանասվորապես Իրինա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի` խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր պաշտպանյալ`Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ՍԴ3/0208/01/15 դատական գործով ամբաստանյալ,կալանավոր Արտուր Արմենի Մկիրտչյանին արգելանքից ազատելու և նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար դատավորին և դատախազին կաշառք տալու պատրվակով,շահադիտական նպատակով,նախքան կարծեցյալ կաշառքի առարկան իրեն հանձնելը գիտակցելով,որ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկելու և գումարը հափշտակելու է, օգտվելով իր պաշտպանյալի մոր` Անահիտ Մկրտչյանի որդու համար ստեղծված իրավիճակում առավել բարենպաստ հետևանքներ առաջացնող դատական ակտ կայացվելու հարցում անձնական շահագրգռվածությունից, վերջինիս հավաստիացնելով, որ գործնական կապեր ունի դատավճռով որդու նկատմամբ հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակ`տուգանք նշանակելու իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձանց հետ,ցուցաբերելով իր միջոցով վերջինիս կաշառք տալու նախաձեռնություն,այդ կերպ ազդելով Ա.Մկրտչյանի գիտակցության և կամքի վրա,նրա մոտ առաջացրել է կաշառք տալու դիտավորություն և վճռականություն,միաժամանակ, գիտակցելով,որ իր գործողություններով պաշտպանյալի մորը դրդում է հանցանքի կատարման և նախատեսելով ու ցանկանալով վերջինիս կողմից այդ հանցանքի կատարումը,դրդել է նրան խոշոր չափերով կաշառք տալուն և այդ եղանակով,միասնական դիտավորությամբ,երկու առանձին օրեր22.09.2015 թ-ից միչև 28.10.2015 թ և նույն տարվա 28.10.2015 թ-ից մինչև 06.11.2015թ ընկած ժամանակահատվածում նրանից առձեռն ստացել է խոշոր չափերով `ընդհանուր առմամբ 1.000.000 ՀՀ դրամը,սակայն չի փոխանցել և հափշտակել է այն, ինչպիսի հանգամանքներով պայմանավորված` Անահիտ Մկրտչյանն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել կաշառք տալու իր հանցավոր մտադրությունը:
Առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել Մանուկյանին դատապարտել 2 տարի 9 ամիս 22 օր ժամկետով։ Իրինա Գրիգորի Մանուկյանի նկատմամբ կիրառել 2018 թվականի նոյեմբերի 1-ի «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը և նրան ազատել նշանակված պատիժը կրելուց:
Իրինա Գրիգորի Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Մանուկյանը բողոքարկել է վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռը մնացել է անփոփոխ։
Փաստորեն նախկին դատապարտյալները որոշել են ներկա դատապարտյալների ցանկությունները կատարել։