ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել՝ ինչ պետք է անել «մեղրամսից» հետո սեքսուալ ձանձրույթի չբախվելու և զուգընկերոջն անկողնում մշտապես «զարմացնելու» համար:
Նոր ձևավորված զույգի (ամուսնական զույգի) կյանքի առաջին ամիսը անվանում են նաև «մեղրամիս», որը բնորոշվում է ակտիվ և էքսցեսիվ (մեկ օրվա մեջ մի քանի հարաբերություններ) սեռական կյանքով, տարաբնույթ ֆանտազիաների իրականացմամբ և էքսպերիմենտներով: Մեղրամիսային ամուսնական կյանքը սովորաբար աստիճանաբար փոխարինվում է պայմանական ֆիզիոլոգիական ռիթմով, որը համապատասխանում է զույգի ֆիզիոլոգիական պահանջմունքներին՝ հաճախ համընկնելով, իսկ երբեմն էլ չհամընկնելով զուգընկերների ունեցած պատկերացումներին և սպասումներին (էքսպեկտացիաներին):
Արձանագրվում են նաև դեպքեր, երբ ի սկզբանե համատեղ կյանքը սկսելուց առաջանում են կոնֆլիկտային իրավիճակներ, երբ բացարձակ անհամապատասխանություն է դիտվում ամուսինների սեռական կյանքի մասին ունեցած իրենց պատկերացումների և ռեալ իրականության միջև: Այսպիսի իրավիճակները հստակ սեքսոլոգիական կարգավորման անհրաժեշտություն ունեն, քանի որ ընթանում են շատ «սուր» և հաճախ կարող են հանգեցնել բաժանությունների: Բայց առավել հաճախ «սեքսուալ ձանձրույթի» ֆենոմեն է արձանագրվում այն զույգերի մոտ, որոնք իրենց ինտիմ կյանքում խուսափում են կիրառել նորարարական մոտեցումներ, հակված են միայն պահպանողական, միապաղաղ սեռական վարքագծի: Այդպիսի զույգերի հետ զրուցելիս պարզում ենք, որ հաճախ սխալմամբ կարծում են, որ զուգընկերը/ուհին չի ընդունի և բացասական կվերաբերվի իրենց սեքսուալ էքսպերիմենտներին և ֆանտազիաների իրականացման ցանկությանը, սակայն անհատական զրույցի ժամանակ պատրաստակամություն են հայտնում ընտանիքի ներդաշնակության վերականգնման համար կատարել ամուսնու կամ կնոջ ինտիմ ցանկությունները:
Ինչպե՞ս զուգնընկերոջը զարմացնել անկողնում
Միշտ խորհուրդ է տրվում զույգերին զրուցել միմյանց հետ իրենց ցանկությունների, սպասումների և երազանքների մասին, մշտապես կարևորել զուգընկերոջ համար ցանկալի և գրավիչ լինելու անհրաժեշտությունը, անդադար «նորոգել» և «հարստացնել» սեռական կյանքը, կենցաղային փոխհարաբերությունները և միմյանց նկատմամբ հոգածությունը երբեք չնույնացնել և միշտ տարանջատել սիրո համար անհրաժեշտ հարաբերություններից:

