Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր արդարադատության նախարարության մոտ մի շարք քաղաքացիներ շտապ հավաք են անցկացնում՝ պահանջելով հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։
Քիչ առաջ նրանց հետ հանդիպեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Այնտեղ էր նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ Բադասյանի հետ կարճ զրույց են ունեցել և ինքն է խնդրել, որպեսզի իջնի և հանդիպի քաղաքացիներին։
«Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ փաստաթուղթ չկա, տարածվածը պարզապես ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Նոր տելեգրամյան ոճ է ի հայտ եկել, որը ապատեղեկատվություն է տարածում և որի հիման վրա այդ ամենը տարածում են նաև մեր ԶԼՄ-ները և հասարակության մեջ առաջանում են հուզումներ, անհանգստություններ։ Կոչ եմ անում չհավատալ և չվստահել նման ալիքների տարածած լուրերին»։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք տեղյակ է՝ կա նման փաստաթուղթ, թե ոչ, Բադասյանը պատասխանեց. «Դուք լավ գիտեք, որ եթե լիներ նման միջազգային փաստաթուղթ, ես՝ որպես կառավարության անդամ, տեղյակ կլինեի»։

