Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արդարադատության նախարարության մոտ շտապ հավաք են անցկացնելու՝ պահանջելու հրապարակել հունվարի 11-ին ստորագրվելիք պայմանագրի նախագիծը։
Լրագրողների հետ զրույցում Մելիքյանը նշեց, որ այլ տարբերակ չունեն երեկվանից տարածվող լուրերի ֆոնին. «Տեղեկությունները ցույց են տալիս, որ մենք իրավունք չունենք այս պահին լռել և մենք պարտավոր ենք պարզաբանումներ պահանջել, թե արդյոք այն փաստաթուղթը, որի մասին խոսվում է գտնվում է Արդարադատության նախարարությունում։ Եվ այն հերքումը որը եղավ, ամենևին բավարար չէ, որ մենք հանգստանանք և ասենք՝ լավ։ Մենք հենց այս տեղից հայտարարում ենք, որ Արդարադատության նախարարությունում աշխատող մեր գործընկերները հնարավորություն ունեն իջնելու ներքև և մեր աչքերի մեջ նայելով նաև հերքեն գնալով ճշմարտանման դարձող լուրը։ Երեկ մամուլում տարածվեց լուր, որ հունվարի 11-ին պատրաստվում է ստորագրվել հերթական ստորացուցիչ պայմանագիրը Ադրբեջանի հետ և դրա տեքստն արդեն պատրաստ է ու այն գտնվում է ԱՆ-ում։ Մենք դա ճշմարտանման ենք համարում, քանի որ իսկապես մարդիկ չեն գնում բանակցելու առանց փաստաթուղթ ունենալու։ Մենք իրավունք ունենք ունենալ այդ փաստաթղթի տեքստը և հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ է մեզ սպասվում»։

