Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը մենք կանդրադառնանք օրեր առաջ ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող դրոշմանիշային վճարների նոր դրույքաչափերի սանդղակին:
Նախկինում 1000 դրամ բոլորի համար հավասարաչափ վճարի փոխարեն, սահմանվել է դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակ, որի համաձայն կախված եկամտի չափից վարձու աշխատողները կվճարեն 1500-ից մինչև 15 000 դրամի չափով դրոշմանիշային վճար: Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար այն կկազմի 18-ից 180.000 դրամ։
Այսպես, 2021թ. հունվար ամսից ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարը կվճարվի հետևյալ դրույքաչափերով՝
մինչև 100.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1.500 դրամ
100.001-ից մինչև 200.000 դրամի դեպքում՝ 3.000 դրամ
200.001-ից մինչև 500.000 դրամի դեպքում՝ 5.500 դրամ
500.001-ից մինչև 1.000.000 դրամի դեպքում՝ 8.500 դրամ
1.000.001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15.000 դրամ
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կվճարեն հետևյալ դրույքաչափերով՝
մինչև 1.200.000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18.000 դրամ
1.200.001-ից մինչև 2.400.000 դրամի դեպքում՝ 36.000 դրամ
2.400.001-ից մինչև 6.000.000 դրամի դեպքում՝ 66.000 դրամ
6.000.001-ից մինչև 12.000.000 դրամի դեպքում՝ 102.000 դրամ
12.000.001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 180.000 դրամ։
Ի դեպ, դրոշմանիշային վճարների վերադարձման կարգը, որով պետք է կարգավորվի նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը, պետք է սահմանի ՀՀ Կառավարությունը մինչև 2021թ. փետրվարի 1-ը։
Թեմային ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը, եթե կլինեն հարցեր, կարող եք գրել դրանք մեկնաբանություններում, սիրով կպատասխանենք։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված:

