Շատ-շատ են մեքենաների գազի լցակայանների մասով ստացված բողոքները, բայց այս փուլում մենք այլ ուսումնասիրություններ չենք անում, բացի բողոքների հավաքագրումը՝ զուտ ստատիստիկ տեսանկյունից։ Այս մասին այսօր ArmDaily.am- հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Պիպոյանը նշեց, որ գազի գինը ոչ միայն բարձրացել է, այլ նաև ակնհայտորեն միևնույն ծավալով լիցքավորելուց հետո շահագործման կիլոմետրերը էականորեն նվազել են. «Ընդ որում, եթե դա պայմանավորում ենք եղանակային պայմաններով, ապա նախորդ տարվա նույն եղանակային պայմանների հետ համեմատած շահագործումը ևս փոխվում է։ Որպեսզի որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտենք, առանց ուսումնասիրության չենք կարող պարզել ինչ ունենք, ինչ՝ չունենք»։
«Մեր կողմից այլ ուսումնասիրություններ չանցկացնելու պատճառն այն է, որ մենք ակնհայտ տեսնում ենք, որ գործող լիազոր մարմինները, ովքեր պետք է կատարեն օրենքով սահմանված իրենց գործառույթները և պետք է կատարեն այն աշխատանքը, որի համար վարձատրվում են, ակնհայտորեն այդ աշխատանքից և այդ օրակարգից դուրս են։ Այս փուլում պարզապես տվյալներ հավաքագրելու մեջ տրամաբանություն չկա, հաշվի առնելով այն փաստը, որ ի վերջո պետական մարմիններն են ստեղծված այդ խնդիրները լուծելու համար։ Մեր գործն է ճիշտ հարցադրումներով և ճիշտ թիրախավորված բողոքը հասցնել տեղ՝ ակնկալելով, որ կանեն և հետո գնահատական տալ իրենց աշխատանքին, իսկ պարզից պարզ է, որ աշխատանք չկա, իսկ եթե աշխատանք չկա, այս դեպքում ստացվում է
Սիզիփոսի չարչարանք։ Ցավոք սրտի պատերազմի ավարտից հետո մենք ունենք այնպիսի մի անելանելի վիճակ, որ այս փուլում մենք երկու անգամ քննարկել ենք՝ շարունակել մեր գործունեությունը, թե՝ չշարունակենք։ Ու շարունակել ենք բացառապես մի պատճառով, որ երբ քաղաքացին բացառապես զանգում է բոլոր տեղերը, և հասկանում է, որ իր հարցերին ոչ մի հոդաբաշխ նախադասություն ասող մարդ չկա, որ ինքը հասկանա, թե ինչի հետ գործ ունի։ Գործունեությունը չենք դադարեցրել, որ քաղաքացիներին ավելի չհուսահատեցնել»,- ասաց Պիպոյանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նշեց, որ սոցիալական հարթակներում ինքը ևս բազմաթիվ բողոքների է հանդիպել. «Մենք քաղաքացիներին խնդրում, հորդորում ենք, որպեսզի գրավոր դիմում ներկայացնեն, որպեսզի կարողանանք զբաղվել իրենց խնդրով, սակայն շատ դեպքերում քաղաքացիները պարզապես հրաժարվում են։ Մեր տեսչական մարմինը շահագրգռված է, որպեսզի քաղաքացիները դիմեն և նրանց մատնանշած խնդիրներն ուսումնասիրվեն»։
Հարցին՝ քաղաքացիներ չե՞ն դիմել այս օրերին՝ Կոտոլյանը նշեց. «Իհարկե դիմել են, դիմումների մասով ստուգումներ իրականացվել են, որոշ դեպքերում խախտումներ նկատվել են, որոշ դեպքերում պարզվել է, որ ընդհանրապես ոչ մի խախտում չկա։ Այստեղ պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, մասնավորապես եղանակային պայմանները, քաղաքում առկա խցանումները, որոնց պարագայում մեքենայի վառելիքի գերծախս է լինում, իսկ քաղաքացիները սովորաբար ուշադրություն չեն դարձնում այս հանգամանքների վրա և համեմատության մեջ են դնում այն, որ նախկինում նույն լիցքավորմամբ ավելի շատ էին մեքենան վարում, քան հիմա»։

