Բալերը կորցնելու արդյունքում քանի վարորդ և ինչ ժամկետով է զրկվել մեքենա վարելու իրավունքից
Հասարակություն
Տուգանային միավորների կիրառման հետևանքով դեռևս որևէ վարորդ չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Այս մասին ArmDaily.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ոստիկանությունից։
Իսկ 2020 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ 2115 անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է 6 ամիս ժամկետով։
Նշենք, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին ՀՀ-ում վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր: Այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացուն միավորները տրվում են բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու օրվանից: Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին յուրաքանչյուր հաջորդ մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր, և նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի: Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում, վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում (մեկ տարի ժամանակահատվածում) տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են համապատասխան իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Եթե վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի և տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 կամ ավելի միավոր` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով: