Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով տեղեկացրեց, թե ինչ է տեղի ունենում Որոտանում, ինչպես նաև ցույց տվեց, որ Որոտան գյուղ տանող ճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրությունը։ Ցուցանակի վրա պատկերված էր նաև Ադրբեջանի դրոշը՝ Հայաստանի տարածքներով։
ArmDaily.am-ի հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հայտնեց, որ ցուցանակը տեղադրվել է Գորիս-Կապան մայրուղու վրա։
Հարցին՝ գիշերը տեսանյութեր տարածվեցին, որ հայկական կողմը ցուցանակի վրա ներկեր է լցրել, ցուցանակը դեռ տեղո՞ւմ է՝ Առուշանյանը պատասխանեց. «Ցուցանակը տեղում է, թուրքերն էլ համ կողքը կանգնած են հսկում, համ էլ սնայպերով վերահսկում են ցուցանակը»։
Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին՝ Առուշանյանը հայտնեց. «Գյուղի 12 տունը, որի մասին խոսվում էր, երեկ արդեն թշնամու տիրապետության տակ է անցել։ Գնում-գալիս ես, ամբողջ ճանապարհին թուրքերը լցված են, այգիներ են վերցրել այդ գյուղից։ Այսքանով գործընթացը չի ավարտվել, չի բացառվում, որ վաղը կգան կասեն այս երկու այգին էլ է մերը, այս մի գյուղից էլ է մերը»։

