ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել՝ ինչ է երազախաբությունը, էրոտիկ երազները. ինչ պետք է իմանալ դրանց մասին, ում մոտ է նկատվում այն և արդյոք կարո՞ղ է վնաս հասցնել առողջությանը:
Երազախաբությունը կամ պոլուցիան համարվում է գլխավորապես ֆիզիոլոգիական երևույթ և դիտվում է հիմնականում սեռահասունության տարիքի երիտասարդների մոտ: Հաճախ պոլուցիայով է դրսևորվում տղաների կյանքում առաջին սերմնաժայթքումը: Քանի որ երիտասարդների մոտ դեռևս ձևավորված չէ ռեգուլյար սեռական կյանք, բարձրացած լիբիդոն ռեալիզացվում է էրոտիկ երազատեսությամբ և ուղեկցվում սերմնաժայթքմամբ:
Հասուն տարիքի մարդկանց մոտ նույնպես կարող է արձանագրվել այդ երևույթը, երբ ինչ-որ պատճառներով բացակայում է սեռական կյանքը:
Տարբերում են գիշերային և ցերեկայն պոլուցիաներ: Ցերեկայն պոլուցիաները դիտվում են արթուն վիճակում և լինում են ադեկվատ, երբ առկա է էրոտիկ-սեքսուալ տեսարան կամ գրգիռ և ոչ ադեկվատ, երբ դա տեղի է ունենում արտահայտված էմոցիոնալ իրավիճակներում՝ օրինակ ուժեղ ծիծաղի, լացի, տրանսպորտում վիբրացիայի կամ այլ դեպքերում: Վերջին տեսակները հաճախ անհանգստացնում են անհատին և պահանջում են հետազոտություններ և բուժում: Բուժում են պահանջում նաև այն դեպքերը, երբ անհատի մոտ առկա է ռեգուլյար սեռական կյանք, սակայն դիտվում են պոլուցիաներ:

