Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով ցանկանում է Նաիրա Զոհրաբյանին հեռացնել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
ArmDaily.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը նշեց, որ փորձագետներն իրենց իրազեկել են, որ այդպիսի նախագիծ է շրջանառության մեջ դրվել.«Որքանով որ հասկացա, այդ հարցը պետք է քննարկվի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, բայց մինչ այս պահի չգիտենք,թե երբ է քննարկվելու: Ես ուզում եմ հիշեցնել, որ վաղուց` ամիսներ առաջ, այդ խոսակցությունները կային և իշխող խմբակցության ներկայացուցիչները պարբերաբար քննարկման առարկա էին դարձնում այդ փաստը: Ես ընդամենը կարող եմ ասել, որ դա քաղաքական հետապնդման վառ օրինակ է, քանի որ ես այնտեղ նայեցի իրավական հիմնավորումները, որտեղ մեջբերված է տիկին Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը, ես իրավաբան չլինելով, կարող եմ ասել, որ դա իրավական հիմք չի կարող հանդիսանալ: Նախ առաջինը, ֆեյսբուքը դա իր անձնական էջն է, եթե տիկին Զոհրաբյանը հանձնաժողովի գործունեության ընթացքում կամ նիստի ընթացքում նման հայտարարություններ արած լիներ, գուցե դա քննարկելու առիթ լիներ, բայց որպես հիմք ֆեյսբուքյան գրառումը վերցնել, անընդունելի է»:
Իսայանը նշեց, որ այս ընթացքում հասցրել է ԱԺ կանոնակարգ օրենքն ուսումնասիրել, որը շատ պարզ սահմանում է այն երեք կետերը, որով կարող էին նման գործընթաց սկսել. «Երբ տիկին Զոհրաբյանը դադարեցրած լիներ իր գործունեությունը որպես պատգամավոր, մանդատը վայր դրած լիներ, խմբակցությունից հեռացված լիներ: Եվ ես տեսա, որ այդ կետերից որևէ մեկը այս դեպքում չկա, ինչը նշանակում է, որ իրավական հիմք որպեսզի սկսվի նման նախաձեռնություն «Իմ քայլը» խմբակցությունը ևս չունի»:
ԲՀԿ-ական պատգամավորը հիշում է ՍԴ-ի հետ կապված դեպքերը, երբ իշխող խմբակցությունը չուներ որևէ իրավական հիմք, բայց ամեն ինչ արեց նպատակին հասնելու համար. «Եթե ունեն որոշում, նպատակ քաղաքական հետապնդում իրականացնելու, իհարկե, իրենք կարող են հաջողություն ունենալ, քանի որ բոլոր հանձնաժողովներում ունեն պարզ մեծամասնություն: Հուսով եմ, ԼՀԿ գործընկերները և նաև Պետաիրավական հանձնաժողովում կգտնվեն գործընկերներ, ովքեր կբացատրեն, որ իրավական հիմք չկա նման նախաձեռնության»:
Նա նաև շեշտեց, որ փաստացի «Իմ քայլը» հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու որևէ իրավական հիմք չունի:
Նշենք, որ հարցը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ, պարզ մեծամասնությամբ, այսինքն անհրաժեշտ է 67 պատգամավորի ձայն:

