Երևանում ձնամաքրման աշխատանքները սկսվել են դեռ այն ժամանակից, երբ սկսել է ձյուն գալ ու այս պահին էլ աշխատանքներ ընթանում են։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Ձյան առատությունից, տեղման ինտենսիվությունից կախված եթե անհրաժեշտություն է լինում, երկրորդ անգամ է կատարվում ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքները։ Ամբողջ գիշերվա ընթացքում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ամբողջ տեխնիկան ներգրավված է եղել աշխատանքների մեջ»,- ասաց Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ ձնամաքրման աշխատանքների հիմնական խնդիրը առաջին օրը այն է, որպեսզի անանցանելի փողոցներ չլինեն, այսինքն ձմեռային անվադողերով կահավորված մեթենաները երթևեկության խնդիր չունենան։
Հարցին՝ այս պահի դրությամբ կա՞ն անանցանելի ճանապարհներ՝ Կարապետյանը նշեց. «Այս պահի դրությամբ անանցանելի փողոցներ չկան, այսինքն բոլոր հիմնական և նաև երկրորդական փողոցները բաց են։ Ավելի փոքր փողոցների և բակային տարածքների հետ կապված տեղեկատվություն չեմ կարող տալ այս պահին»։
Խոսելով մայրաքաղաքի խցանումների մասին նա նշեց. «Եթե մենք գործ ունենք խցանումների ավելի դժվարացած երթևեկության հետ, ես առաջարկում եմ ցանկացած պարագայում այդ խցանման արմատը փնտրել։ Գերակշիռ մասը դեպքերի ամառային անվադողերով երթևեկող մեքենաների մասնակցությամբ վթարներն են»։
Նշենք, որ պահեստավորվել է 5000 խմ աղ և ավազ, ևս 900-ի կուտակումն ընթացքի մեջ է:

