Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել և նշել, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, Որոտանի վարչական ղեկավարի հետ միասին Որոտանում բանակցում են ռուսների հետ, որպեսզի թշնամուն համոզեն GPS համակարգով մեր տարածքում գտնվող տունը մնա մեր տարածքում.«Այսօր ադրբեջանցիները տան տերերին մեկ ժամ ժամանակ են տվել տունն ազատելու համար։ Փաստորեն անգամ GPS համակարգով փաստացի մեր տարածքում գտնվող բնակելի տունը ադրբեջանցին ասում է, որ արդեն իրենն է։ Տան տերերը տունը լքել են, բայց ռուսները խոստացել են, որ ամեն ինչ կանեն, որ տունը մնա»։
ArmDaily.am-ի հետ զրույցում Յոլյանը նշեց, որ քիչ առաջ տան տիկինն իր մոտ է եղել և նշել, որ իրենց նույնիսկ ժամանակ չեն տվել թարգմանված փաստաթղթերը ներկայացնելու։ Նա նշեց, որ չնայած երեկ դատարանի որոշմամբ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը ազատ է արձակվել, բայց իր նկատմամբ քրեական գործ է հարուցված և նա հիմա Երևանում է։ Երեկ համայնքի ղեկավարի մյուս տեղակալը բանակցել է ռուսների և ադրբեջանցիների հետ, որպեսզի փորձեն քննարկել տարբերակներ գոնե հնարավորություն տան, որպեսզի տան տերերն իրենց ունեցածը հանեն և դեռևս բանակցությունները շարունակվում են, որպեսզի ռուսները երաշխիքներ տան, որ այդ տունը մնալու է մեր սահմանում՝ անկախ նրանից կբնակվեն, թե ոչ։ Ամեն դեպքում մենք մինչև հիմա վերջնական արդյունքի չենք կարողացել հասնել և այսօր այդ տան տիրոջը թույլ չեն տվել, որպեսզի թարգմանված փաստաթղթերը ներկայացնի»։

