Քիչ առաջ փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի բնակարանում. «Շտապ լրատվամիջոցներին․․․
Իշխանության տվայտանքներն ու գործիքակազմը:
Հենց այս պահին, թուրքին ևս 100 մետր տարածք տալու համար իշխանությունը՝ ի դեմս ԱԱԾ–ի, խուզարկություն է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանում` հույս ունենալով, որ այդ կլռեցնի այս դավադրության դեմ բարձրաձայնողներին։
Չի ստացվելու, չեն լռելու..․»:
ArmDaily.am-ի հետ զրույցում Վարդան Այվազյանը նշեց, որ այս պահին ԱԱԾ-ն իրենց տանն է և խուզարկում են. «Նոյեմբերի 10-ի հանրահավաքը կազմակերպելու համար են խուզարկում: Խոսքը հայտնի հայտարարության ստորագրման գիշերը կազմակերպված հանրահավաքի մասին է: Ման են գալիս, ինչ-որ բան են ուզում գտնել: Մի ժամից ավել է այստեղ են: Այս պահին խուզարկություն է գնում, չեմ կարող խոսել: Հետո կխոսենք»:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԱԱԾ-ից, սակայն մեր զանգերին չպատասխանեցին:

