Ֆեյսբուք սոցիալական ցանցում եւ այդ ցանցով ապրող հանրության համար նոր թիրախ է հայտնվել, երեկ 16 կուսակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ վարչապետի իրենց միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։
Տարօրինակ է, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ԼՀԿ-ն, հայտարարեց, որ չի սատարում Վազգեն Մանուկյանի թեկնածությանը, իրենց վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։
Եթե հավատալու լինենք 16 կուսակցություններին, Մանուկյանը պետք է լինի անցումային կառավարության ղեկավար, ժամանակավոր վարչապետը, ում խնդիրը երկիրը օրհասական վիճակից հանելն է։
Այս որոշումից հետո հասարակական-քաղաքական շրջանակներում արշավ է սկսվել Մանուկյանի դեմ։ Ընդդիմախոսները հիշեցնում են 16 կուսակցությունների՝ նախկինում արած արտահայտությունները Մանուկյանի մասին, կամ նրա հակասական հայտարարությունները։ Քաղաքակիրթ բանավեճի կանոնները խախտողները առհասարակ թիրախավորում են նրա անձնային հատկանիշները, ընտանիքը, կնոջը եւ այլն։
Իհարկե, ամենեւին էլ չմոռանալով Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը, նրա հայտարարությունները, հարաբերությունները եւ այլն՝ զարմացնում է, թե ինչ եռանդով են մարդիկ փորձում ոչնչացնել մեկին, ում թեկնածության մասին ընդամենը հայտարարվել է։
Նախ, Վազգեն Մանուկյանը ընդամենը 16 ուժերի վարչապետի թեկնածուն է, առաջին անգամ այս կարգավիճակում նրա ելույթը, ծրագիրը պետք է լսենք վաղը՝ մեծ հանրահավաքին։ Երկրորդ՝ դեպի իշխանություն նրա ճանապարհը բավականին բարդ եւ փշոտ է, դրա համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը հրաժարական տա, խորհրդարանական ուժերը, օրինակ՝ ԲՀԿ, ԼՀԿ, «Իմ քայլի» որոշ պատգամավորներ քվեարկեն նրա օգտին կամ իր հրաժարականով Փաշինյանը կոչ անի ընտրել Մանուկյանին։ Այս պահին սա ֆանտաստիկայի ժանրից է թվում, Փաշինյանը ինքնակամ հրաժարական ներկայացնող չէ, նման մտադրություն էլ չունի, իսկ ԼՀԿ-ն արդեն իսկ բռնել է երրորդ ճանապարհը՝ չմիանալով 16 ուժերին, տանելով սեփական խաղը։ Այնպես որ Մանուկյանի վարչապետ դառնալու համար դեռ շատ գործընթացներ կան, ընդդիմախոսները առնվազն շտապել են «Նոր տարին առանց Նիկոլի» կարգախոսը ընտրելիս։ Սա, իհարկե, չի նշանակում է, որ պետք է ձեռքերը ծալած նստել, ոչինչ չանել, այո, պետք է ձգտել առավելագույնին՝ գոնե նվազագույն արդյունքներ ունենալու համար։
Ինչեւէ, Մանուկյանի թեկնածությունը առաջադրվել է, 16 կուսակցություններն էլ երաշխավորել են, որ ընտրության դեպքում նա կփորձի երկիրը դուրս բերել այս իրավիճակից, իսկ արդեն արտահերթ ընտրություններին չի մասնակցի։ Այնպես որ, հարգելի նիկոլականներ, լեւոնականներ, լուսավորականներ, դուք ազատ եք ընտրություններին ընտրելու ում կցանկանաք։
Մանուկյանի թեկնածության առաջադրումը տրամաբանական է, նա փորձառու է, ունի պետական, ազգային մտածելակերպ, հավասարակշիռ է, հայրենասեր եւ բոլոր ուժերի համար քիչ թե շատ ընդունելի է։
Եթե Մանուկյանի թեկնածությունը չառաջադրեին, ապա կա՞ մեկ այլ երկրորդ թեկնածու, ով բոլորի համար կարող է ընդունելի լինել։ Միեւնույն ժամանակ, կա՞ այդպիսի անձնավորություն, ով պատրաստ է այս իրավիճակում ստանձնել երկրի ղեկը, կա՞ նման գործիչ, ով պատրաստ է նման պատասխանատվության, բեռի տակ ընկնել, երկիրը ինչ-որ չափով դուրս բերել այս վիճակից, կայունացնել, ապա հեռանալ՝ չպայքարելով իշխանության համար։
Դուք ճանաչո՞ւմ եք այս պահանջներին համապատասխանող եւ պայմաններին համաձայնող գործչի։ Բնականաբար՝ ոչ, դժվար է գտնել նման թեկնածու, բայց ինչքան հեշտ է քննադատել հեղինակություն չճանաչող այս դարում։
Նկատենք նաեւ, որ Վազգեն Մանուկյանը իր գործունեության ընթացքում ամենեւին էլ մահացու, կործանարար մեղքեր չի գործել, գուցե եղել են ձախողումներ, խնդիրներ, բայց դրանք այն մասշտաբի չեն թեկնածությունը իսպառ մերժելու համար։
Իսկ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ կարող են շարունակել ապրել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում մինչեւ 2023թ հերթական ընտրություններ, հոգ չէ։ Մնում է մինչ այդ Հայաստանը չհանձնվի թշնամուն։
Բայց քանի որ հասարակությունը կամաց-կամաց արթնանում է հեղափոխության հիպնոսից, կարելի է մի կողմ դնել անձնական համակրանքները, հակակրանքները, իշխանությունը հանձնել կայուն, հավասարակշիռ, բանակցող, պետականամետ գործչի, ով կպարտավորվի հայրենիքին եւ հայ ժողովրդի շահերին հակասող որեւէ քայլ չանել։ Մեկ տարվա ընթացքում արդեն բոլոր «պղտոր ջրերը կպարզվեն», հանրությունը սթափ ուղեղով կգնահատի կորցրածը եւ ունեցածը, կգնա ընտրության առանց վախերի։ Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե ժամանակավոր կառավարության դեպքում երկիևը կտանենք ցնցումների, բայց այնպես չէ, որ այժմ իրավիճակը կայուն է, միթե սրանից մեծ ցնցումներ կարող են լինել։
Կարճաժամկետ առումով այս պահին մեր գերխնդիրը հանրապետությունն այս խորագույն ճգնաժամից հանելն է, տնտեսական փլուզումը կանգնեցնելը, մեր ազգի բարոյա-հոգեբանական վիճակը բարձրացնելը, իսկ դա այլեւս չի կարող անել գործող վարչապետը։ Կկարողանա՞ անել դա Վազգեն Մանուկյանը, թե ոչ՝ կտեսնենք առաջիկայում, համենայն դեպս՝ հանրության մի ստվար հատված հավատում է, որ սրանից վատ իրավիճակ չի լինի, ավելի լավ կյանքի հույսը բնականաբար ավելի շատ է։ Իսկ երկարաժամկետ առումով մենք կունենանք նախադրյալներ ազատ, արդար, թափանցիկ, առանց վարչական ռեսուրսի եւ ճնշումների ընտրությունների կազմակերպման հնարավորության համար։
Չգոհացնի՞ Մանուկյանի կառավարումը, կհիասթափվենք նաեւ նրան երաշխավոր կանգնած ուժերից եւ կընտրենք «ժողովրդի վարչապետին»։ Պետք է ազատվել կաղապարներից, վախերից, իրավիճակը փոխելու համար քայլ անելը ավելի ճիշտ է, քան համակերպված ապրելը։

