Դեկտեմբերի 1-ին ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանը մի շարք հարցեր էր բարձրացրել ֆեյսբուքյան իր էջում, որոնցից մեկով նա հարցնում էր, թե արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ «Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եւ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված,ասելով՝ տես թե էդ անասունները ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»։
ArmDaily.am-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ միանշանակ է, որ այս հայտարարությունը կարելի էր դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին ու դրանով պետք է զբաղվեին իրավապահները։
«Երբ այս երկրում ամեն ինչ լիներ իր տեղում և բոլորը զբաղվեին իրենց գործով՝ Աղվան Վարդանյանին պետք է կանչեին իրավապահ մարմիններ և ասեին՝ հարգելի նախկին նախարար, պատմիր, թե ինչի մասին է խոսքը։ Իրեն պետք է կանչեն ու բացատրություն պահանջեն դրա համար։ Հայաստանի իրավապահ համակարգը ինչպես միշտ, քանի որ ոչնչով չի զբաղվում՝ այս անգամ ևս անգործության է մատնված ու չի զբաղվում այն ամենով, ինչով պետք է զբաղվի։ Այդ անգործությունն արդեն 2.5 տարի շարունակվում է ու դա քողարկվում է ուսմասվար ու գյուղապետի տեղակալ բռնելով։ Մարդն ասում է՝ Հայաստանի հողերը ծախել են, բայց իրեն չեն կանչում ասեն, պատմիր՝ տեսնենք ինչ ես ասում։ Բայց այսօր երեկոյան նայեք հեռուստաեթերները, կասեն՝ բռնել են գուղապետի օգնականին՝ 37 հազար դրամ էր հափշտակել»։

