«Չեմ կարծում, որ խորհրդարանում վարչապետի հրաժարականը պահանջելու գործընթաց սկսվի։ Իսկ մնացածն էլ իրենց իրավունքն է, ԼՀԿ-ն իրավունք ունի թեկնածու առաջադրել, որի մասին նախկինում ևս խոսվել է, իսկ ընդդիմադիր այդ 16 կուսակցություններն էլ իրենց օրակարգով, խորհրդարանական մեծամասնությունը նման օրակարգ չունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։
Նա համաձայն չէ, որ ՀՀ-ում պայթյունավտանգ իրավիճակ է.«Մենք պետք է լսենք մեր քաղաքացիներին, հասկանանք, իսկ ընդդիմադիրները միայն հայտարարում են, որ վարչապետը միայն պետք է հրաժարական տա»։
Հարցին, թե պարտությունը բավարար հիմնավորում չէ, որպեսզի վարչապետը հրաժարական տա, Ղալումյանը նշեց. «Իմ կարծիքով՝ ոչ։ Մի անգամ էլ եմ ասել, որ մենք պարտվել ենք միասին, ընդդիմությունն էլ է մեզ հետ եղել»։
Ինչ վերաբերում է բնորոշումներին, թե իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը հողատու է, դավաճան, Վահե Ղալումյանը նկատեց՝ դրանք անլուրջ են և չհիմնավորված։
«Մենք տեսնում ենք, որ այդ մեղադրանքն անհիմն է, ինչի՞ մեջ են մեղադրում, դավաճանության։ Չեմ համարում, որ Հայաստանում կա նման մարդ, ով հավատում է, որ մեր վարչապետը կարող է դավաճան լինել»,- շեշտեց նա։

