«Բոլոր քաղաքական ուժերն իրենց ամբիցիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել են կոնսենսուսի՝ հաշվի առնելով թե՚ Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհը, թե՛ հակաճգնաժամային գործընթացներում նրա կարողությունները»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ այս հարցում նրանք ունեցել են բացարձակ միասնություն .«Առավել քան վստահ ենք, որ պարոն Մանուկյանը բոլոր քաղաքական ուժերի միասնականությամբ, փորձագիտական շրջանակների աջակցությամբ և կարող թիմի մասնակցությամբ կարողանալու է երկիրը դուրս բերել այս օրհասական ու ճգնաժամային իրավիճակից։ Մենք ավելի քան լիահույս ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում մենք ունենք այնպիսի հայրենասիրության և ազգային մտածելակերպով օժտված գործընկերներ, ովքեր գիտակցում են ստեղծված ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում են, որ այսօր պարտված իշխանությունները այլևս որևէ կերպ չեն կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացին։ Բոլորն էլ հասկանում են, որ եթե այս իշխանությունների օրոք, եթե նախորդ 2.5 տարիների ընթացքում ունեինք ներդրումային ծրագրերի խայտառակ անկում, այսօր առավել քան երբևէ՝ թե համավարակով պայմանավորված, թե պատերազմով պայմանավորված ունենալու ենք խայտառակ իրավիճակ տնտեսությունում։ Այս իշխանությունը վստահաբար որևէ ներդրողի, միջազգային կառույցի կողմից չի ունենալու վստահություն»։

