ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ․ գիտ․ թեկնածու Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ասուլիսը հրավիրելու առիթն այսօրվա այն իրադարձությունն է, որ ՀՀ-ի կառավարության նիստի այսօրվա օրակարգում ոչ զեկուցվող հարցի կարգավիճակով ընդգրկվել է, այն է՝ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը ԱԺ ներկայացնելու մասին որոշումը։
«Այս խնդրահարույց նախագիծը ձեզ հայտնի է և ավելի քան մեկ տարի հանրային լսումների փուլով է անցել։ Արդյունքում մի շարք կարևոր խնդիրներ բաց մնալու պատճառով մասնագիտական հանրության կողմից, մասնավորապես ԵՊՀ-ի ԳԱԱ-ի կողմից, բացասական եզրակացության է արժանացել։ Խնդիրներից մեկը վերաբերում է նրան, որ այս նախագծով շեշտակի նվազում է բուհական ինքնավարության, հետևապես ակադեմիական ազատությունների հնարավորությունները սահմանափակվում են։ 70-ամյա ԳԱԱ-ի կարգավիճակի ոչ հստակ լինելու խնդիրը կա։ ԵՊՀ գիտական խորհուրդը դեռևս փետրվարի 21-ի իր նիստում, քննարկելով օրենքը, մի շարք կարևոր փոփոխությունների առաջարկություններ է ներկայացրել, որոնցից մեկը օրենքով սահմանել, որ ԵՊՀ-ն լինի կրթագիտական ինքնավար հաստատություն, որի կարգավիճակի առանձնահատկությունները կսահմանի կառավարությունը, որ բուհերի կառավարման խորհրդում լինի այնպիսի համամասնություն, որ ապահովի ողջամիտ ինքնավարություն, որ հստակեցվի բուհերի կառավարման առանձնահատկությունները, որպեսզի բոլոր բուհերի համար հավասար պայմաններ ու հնարավորություններ լինեն, որ այս օրենքի նախագիծը հիմնված լիներ «Բարձրագույն կրթության և գիտության հայեցակարգերի» վրա։ Այս մեծ փաթեթները, որոնք առաջարկվել են և՛ ակադեմիայի համար, և՛ ԵՊՀ-ի կողմից, կարելի է ասել՝ զրո ուշադրության են արժանացել, որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել, երկար ժամանակ ձգձգված մնացել է՝ առաջացնելով հանրային արդարացի ընդվզումներ և այսօր հապճեպ կարգով չզեկուցվող կարգավիճակով ներկայացվել է ԱԺ-ի հաստատմանը»։
Նրա խոսքով՝ իրավիճակն ավելի վատանում է այդ նախագծի մեջ արված մի փոփոխության արդյունքում. «Ըստ որի՝ լիազոր մարմինը, այսինքն տվյալ դեպքում ԿԳՄՍ նախարարը, իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև կառավարման խորհրդի ձևավորումը՝ 5 տարի ժամկետով։ Սրանով փաստորեն հնարավորություն է տրվում տևական ժամանակ չունենալ հոգաբարձուների խորհուրդ, կառավարման խորհուրդ և միանգամից նշանակել բուհի ռեկտոր։ Սա նշանակում է բուհական համակարգի համակետրոնացում։ Այս նախագծով և ներդրված վերջին փոփոխությամբ բուհի կառավարման և կոլեգիալ մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը և՛ միանձա մարմինը՝ ռեկտորը, նշանակվում են մեկ մարդու կողմից։ Սա բուհական ինքնավարության կոպտագույն սահմանափակում է, խախտում է և սա առաջացնելու է հաստատապես տուռբոլենտություն՝ բուհերն անմիջական կախման մեջ դնելով քաղաքական իշխանություններից և քաղաքական իշխանությունների փոփոխության պարագայում անընդհատ բուհերի կառավարման ոլորտներում առաջացնելով փոփոխություն, ակադեմիական համայնքին զրկելով իր իսկ կառավարմանը մասնակցելու հնարավորությունից։ Այս ճգնաժամի պարագայում ի՞նչ առաջնահերթություններ են մեր գործադիրի համար երևան գալիս»։

