Երեկ Արցախի նախագահի հրամանագրով Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ ArmDaily.am-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում Թանդիլյանի այդ քայլը, արդյոք տեղյակ են եղել նրա որոշումից, ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը նշեց. «Հրապարակային ինֆորմացիան ինչ-որ կա, դա է։ Հետին մտքեր դրա մեջ փնտրելն իզուր է, չկա։ Մենք խնդիր չենք ունեցել։ Տիկին Թանդիլյանը մեր գործընկերն է եղել, նրա պրոֆեսիոնալիզմի վրա չենք կասկածում»։
Պետունցը նշեց, որ Թանդիլյանի որոշման մասին տեղյակ չեն եղել, դրա մասին իմացել են հրապարակումներից։
Նշենք, որ դեկտեմբերի 7-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու համար անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։
Արեն Պետունցը նշեց, որ լսումներին մասնակցելու ցանկություն հայտնողներ կան և այն պրոցեսի մեջ է։

