Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցություններն այսօր պետք է հայտնեին, թե ով է իրենց միասնական թեկնածուն։ Մամուլում, սակայն, արդեն երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ վարչապետի միասնական թեկնածուն Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանն է: Մանուկյանը Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետն է, նա այդ պաշտոնում պաշտոնավարել է 1990 թ-ի սեպտեմբերի 1-ից մինչև 1991 թվականի հունվարի 30։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1992-1993 թթ-ին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Վազգեն Մանուկյանին անձամբ է ճանաչում ու բավական տևական ժամանակ քաղաքական ճանապարհ է անցել նրա հետ։ «Կարծում եմ, որ Մանուկյանը փորձված ու կարողություններով օժտված անձ է, բայց մի խնդիր կա, խնդիրը իրեն սատարող ուժերն են, 16 կուսակցությունները նախկին իշխանության ներկայացուցիչներն են, որոնց պաշտոնավարման ընթացքը բոլորիս հայտնի է։ Իր նշանակմանը ես դեմ չեմ, դեմ եմ իրեն սատարողների հիմնական կորիզին, նայեք, թե ովքեր են հավաքված այդ 16-ի մեջ, դրանք բոլոր այն նախկին ուժերն են, որոնք հանգեցրեցին այս աղետալի հանգրվանին։ Պետք չէ մտածել, որ միայն Նիկոլ Փաշինյանն մեզ բերեց այս վիճակի։ Իսկ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ, ես որևէ խնդիր չեմ տեսնում, նա նվիրյալ է, կարծում եմ, որ ազգի համար շատ բան է արել ու դեռ կարող է անել»։
Մակեյանն ընդգծեց, որ գործող իշխանությունն այլևս ի վիճակի չէ կասեցնելու գահավիժումը, դրա համար Նիկոլ Փաշինյանը որպես իշխանության հիմնական կրող ու սիմվոլ պետք է հեռանա, պետք է ձևավորվի ժամանակավոր անցումային կառավարություն, որը հստակ կհայտարարի, որ առնվազն 6 ամիս անց կկազմակերպվեն նոր խորհրդարանական ընտրություններ, ավելին պետք է հստակ օր նշանակվի։ «Ես կարծում եմ, որ առաջին հերթին հանրության պետք է դուրս բերել պարտվածի հոգեվիճակից, պատերազմում զոհվածների ու տուժածների խնդիրները պետք է լուծել, ապա նաև տնտեսությունը կայունացնել։ Այս հոգեվիճակում չի կարելի գնալ ընտրությունների, հետպատերազմյան իներցիոն այս իրավիճակից պետք է դուրս բերել երկիրը, որոշակի կայունացման տանել, որից հետո միայն նշանակել նոր ընտրություններ»։

