ՀՅԴ երիտասարդական միության անունից պետք է հայտարարեմ, որ մեր գործողությունները, մեր պայքարը այս մեթոդներով հանուն Հայաստանի ապագայի են, հանուն նրա, որ այլեւս որևէ դավադիր ուժ չլինի այս աթոռին եւ չսնվի մեր հարկերով։ Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Մի քանի տասնյակ մարդիկ այսօր բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ։ Կարծես՝ նրանք վնասվածքներ ունեն, դուք էլ տեսաք՝ ինչպես էին բերման ենթարկվում։ Դուք այս մեթոդներով չեք կարողանալու լռեցնել մեր արդար զայրույթի ձայնը, չեք կարողանալու շեղել օրակարգը։ Հայրենիք ունեցող քաղաքացիները հայրենիք են կորցրել և իրենց համար կա մեկ գերագույն նպատակ՝ Հայաստանի իշխանություններից հեռացնել դավադիր ուժերին և հայ հասարակությանը հնարավորություն ընդձեռելու ապրելու իր հայրենիքում»,- ասաց նա։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում ակցիաներ են իրականացնելու գործողություններին՝ ՀՅԴ ԵՄ անդամը նշեց, որ «Իմ քայլի» պատգամավորներն արդեն ուշացել են. «Հայրենիքի մասին մտածող յուրաքանչյուրի համար պետք է պարզ լիներ, թե ինչ է կատարվել։ Կարծում եմ՝ հայ հանրությունն իր խաղաղասիրությամբ ու ներողամտությամբ նրանց շանս դեռ կարող է տալ, եթե նրանք հիմա ազդակ ուղարկեն մարդկանց, որոնց հարկերով 2,5 տարի ապրել են, պարգևավճար են ստացել, որ իրենք չեն սատարում այս դավադիր ծրագրին ու պատրաստ են հարկ եղած դեպքում քվեարկել այնպես, ինչպես հասարակությունն է ուզում։ Այլապես իրենք ստիպված են ամեն անգամ հետ նայել, վախենալ իրենց ստվերից, ստիպված են լինելու մտածել երկիրը թողնելու մասին։ Մարդիկ հիմա փորձում են ձեզ հասկացնել, որ շանս կա անցնցում և սահմանադրական ճանապարհով հեռանալու։ Եթե դուք այս շանսը սպառեք, երկրորդն էլ չեք ունենալու»։

