Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Նա կշարունակի կատարել պարտականությունները մինչև կառավարության որոշումը։
Ըստ խոսակցությունների՝ նրան կփոխարինի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ նման առաջարկ չի ստացել.«Նման առաջարկ չեմ ստացել ու այս հարցի շուրջ ընդհանրապես չեմ մտածել»։
Հարցին՝ եթե ստանա, կընդունի առաջարկը ու իրեն պատկերացնում է այդ պաշտոնում, փոխմարզպետը նշեց.«Եկեք չշտապենք, քանի չեմ ստացել, չեմ ուզում խոսել։ Դեռ այդ մասին չեմ մտածել»։
Անդրադառնալով Հունան Պողոսյանի հետ ունեցած հարաբերություններին, նա նշեց, որ դրանք շատ լավն են:
Անդրադառնալով Սյունիքում իրավիճակին, Նարեկ Բաբայանը նշեց, որ ամեն ինչ նորմալ ու անվտանգ է.«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երթևեկել եմ այդ ճանապարհներով, այս պահին ոչ մի վտանգ չկա, մարզպետարանն այդ առումով ոչ մի գործառույթ չունի, դա ՊՆ-ի և ԱԳՆ-ի գործառույթների մեջ է, բայց այս պահին Սյունիքում որևէ վտանգ չկա»։
Օրերս նաև նշվում էր, որ սյունեցիները մասսայական վաճառում են իրենց տները և տեղափոխվում։ Սյունիքի փոխմարզպետը նշեց, որ նման բան չի նկատել.«Ես նման տենդենց մինչ օրս չեմ նկատել»։

