Սյունիքի մարզից որևէ համայնք չի անցել ադրբեջանական կողմին, այս պահին դեռ սահմանազատում էլ չի իրականացվում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։ «Մենք բոլոր հարցերի պատասխանները առաջիկա ժամերին մանրամասն կներկայացնենք մարզպետարանի պատրաստած հաղորդագրության մեջ»։
Նա ընդգծեց, որ Սյունիքի 7 գյուղերի՝ ադրբեջանական կողմին հանձնելու մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, խոսքն իրականում Բերձորի գյուղերի մասին է, որոնք կպած են Սյունիքին։ «Դրանք Սյունիքի գյուղեր չեն, ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանին, ապա այն Կապանի տարածքում է մնում և որևէ խնդիր օդանավակայանի հետ այս պահին չկա»։
Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածին՝ նա ընդգծեց, որ այս պահին ճանապարհը վերահսկվում է և որևէ վտանգ չկա։ «Ինչ վերաբերում է ճանապարհից առևանգումներին՝ այդ դեպքերը 1990-ականներին են եղել, այս պահին ճանապարհը անվտանգ է և վերահսկվում է»։

