Անհասկանալի կազմով եւ անհասկանալի օրակարգով երեկ վարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպումը շարունակում է քննարկվել դատական համակարգում։
Ակնհայտորեն, այս հանդիպման նպատակը, ձեւաչափը դատավորների մեծ մասի համար անընդունելի է։
Այն հավերժ կմնա պատմության էջերում, իշխանությունների կողմից ամենակոշտ գնահատականին արժանացած դատավորները գնացել են վարչապետի հետ հանդիպման, դասականի լեզվով ասած, «որ ինչ անեն»։
Գործադիրի ղեկավարը իրենց ղեկավարը չէ, համենայն դեպս՝ իշխանությունների տարանջատման սկզբունքով։ Եթե դատավորները «սիրով եւ հոժարակամությամբ» գնում են իրենց վնգստացող անվանած վարչապետի մոտ, հարց է առաջանում՝ Արարատ Միրզոյանի մոտ եւս գնալո՞ւ են։ Ի դեպ, Արարատ Միրզոյանը եւս ոչ պակաս կարեւոր անձ է՝ հատկապես խորհրդարանական կառավարման երկրում։
Երկրորդ՝ դատավորները որեւէ հանդիպման գնալուց առաջ չեն ճշտում նպատակը, թեման, տեղ, ժամ, այլ մասնակիցներ, այսինքն՝ ստացվում է առանց կարեւոր հանգամանքները ճշտելու նրանք պատրաստ են զանազան հանդիպումներ ունենալ։
Ինչեւէ, սրանք հարցեր են, որոնց պատասխանները շատերը ունեն, բայց քչերը կբարձրաձայնեն, առանց պատասխանների էլ՝ ամեն ինչ ավելի քան պարզ է։
Դատական համակարգում պատահական չեն համարում հանդիպման գնացած անձանց կազմը, մաթեմատիկական ճշգրտությամբ՝ ում հրավեր եղել է, նրանք էլ գնացել են, ասել է թե վարչապետը լավ է ճանաչում իր «հաճախորդներին»։ Իսկ ինչու են հենց նրանք ընտրվել վարչապետի հետ հանդիպման գնալու համար, այս ամենի հիմքում եւս խորը պատճառահետեւանքային կապեր կան։
Այսպես, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ներկայացված Լիլիթ Թադեւոսյանը վարչապետի հետ հանդիպման մասնակիցներից է։
Իր մասնակցությամբ Թադեւոսյանը «տապալել է» Վճռաբեկ դատարանի արդարադատությունը, նոյեմբերի 9-ի դեպքերով նա չի կարող հանդես գալ որեւէ գործի շրջանակներում, իր ներկայությամբ նա բացառել է մասնակցությունը այդ գործերով քննությանը։ Փաստաբանները կարող են այս քրեական գործերով բացարկ հայտնել այն դատարանների դատավորներին, որոնց նախագահները ներկա են եղել հանդիպմանը։ Այլապես յուրաքանչյուր գործով կասկածի տակ է դրվելու դատավորի անաչառությունը, մշտապես կասկածներ են մնալու գործադիրից կախվածության, գործադիրի ազդեցության և ճնշումների մասին։
Բնականաբար, Թադեւոսյանը հասկացել է այս ամենը, գնահատել ռիսկերը, բայց հարց է առաջանում՝ ինչու է գնացել այս քայլին։ Պատասխանը պարզ է՝ առաջիկայում նա խորհրդարանից պետք է ստանա 3/5 տոկոս ձայն, հետեւաբար՝ մերժելով վարչապետի հանդիպման հրավերը՝ նա կզրկվեր քաղաքական մեծամասնության քվեից եւ Վճռաբեկի նախագահ դառնալու երազանքից։
Հանդիպման հաջորդ մասնակիցը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է, ով այդքան էլ ընդունված կերպար չէ, մեկ անգամ չէ, որ մասնավոր շրջանակներում հայտարարել է, որ պետք չէ հակադրվել իշխանություններին։ Նրա իշխանահաճո դիրքորոշման մասին թերեւս լավատեղյակ են գործադիրում, գնահատել են դա եւ կանչել են վերահաստատելու «պրոիշխանական» դիրքորոշումը։
Հանդիպման մյուս մասնակիցըը Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն է, նա եւս ակնկալիքներ ունի իշխանություններից, հետեւաբար՝ չի մերժել հանդիպման հրավերը։ Բանն այն է, որ դեկտեմբերի վերջին Վճռաբեկ դատարանից Վարդան Ավանեսյանը գնում է թոշակի, իսկ Բեդեւյանը աչք ունի այդ տեղի վրա։ Վճռաբեկ գնալու համար նրան օդուջրի պես պետք է իշխող քաղաքական մեծամասնության 3/5-ը, եթե չգնար հանդիպման, Բեդեւյանի ցանկությունը կգրվեր սառույցին է։
Հանդիպմանը հրավիրվել էր Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։ Թվում էր, թե նա դրսեւորել է դատավորին հատուկ բացառիկ անկախություն եւ ինքնուրույնություն, չի մասնակցել, բայց ռոմանտիկան փչացրեց ինքը՝ Ռշտունին, հայտարարելով, որ չի մասնակցել, քանի որ ջերմել է։
Փաշինյանի «ընտրազանգվածի» մյուս մասնակիցները ԲԴԽ անդամներն են, նրանցից 2-ը հենց կառավարության կողմից ներկայացված անդամներն են՝ Վիգեն Քոչարյան եւ Լիպարիտ Մելիքջանյան, հետեւաբար՝ նրանք չէին կարող մերժել «գործատուին»։ Մյուս երկու անդամները՝ Սերգեյ Չիչոյանը եւ Անի Մխիթարյանը «դագդիգագան» նպատակներով են այցելել գործադիր, նրանք ԲԴԽ-ում երկու իշխանություն են փոխել, չգիտեն, թե հետո ինչ կլինի, սակայն ապահովության եւ հուսալիության սկզբունքից ելնելով՝ գոնե հիմա պետք է վարչապետի հետ լավ լինեն։ Հատկապես հիմա, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի «անկախական խաղերի» պատճառով, վարչապետը մեծ սիրով կազատվեր նրանից։ Համակարգում բավարար քանակով համախոհներ գտնելու դեպքում, անշուշտ, կսկսի իրագործել «մերժել Վարդազարյանին» օպերացիան։ Այնպես որ ԲԴԽ անդամները հաշվի են առել նաեւ այդ հանգամանքը, նրանք ցանկանում են աշխատել նաեւ ԲԴԽ 3-րդ նախագահի հետ։
Ինչեւէ, ինչպես տեսնում ենք, ամեն մեկը մի պատճառ է ունեցել վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելու համար։ Այդ պատճառները եղել են նեղ, անձնական շահերից ելնելով եւ խիստ անընդունելի են մասնագիտական տեսանկյունից։ Այս մարդիկ պետք է հավատարիմ մնային Սահմանադրությանը, էթիկայի կանոններին, իրենց գործողություններով չնսեմացնեին դատավորի բարձր կոչումը։ Իրենց այս քայլով նրանք հավակնում են ապացուցել մոտ 2 տարի առաջ վարչապետ Փաշինյանի արտաբերած չարաբաստիկ բնորոշման ճշմարտացիությունը։ «Վնգստացող դատավորների» գնահատականը եւ այս հանդիպման լուսանկարը կմնան պատմության մեջ՝ իբրեւէ արդարադատությանը միջամտելու գործով փաստական ապացույց։

