Հայաստանում թերեւս ճիշտ կլինի այլեւս չզարմանալ եւ տրամաբանություն չփնտրել առանձին կառույցների, պաշտոնյաների որոշումների մեջ։
Ընդամենը մեկ օրինակ, կորոնավիրուսի տարածումից հետո իշխանությունները մուկն ու կատու են խաղում կրթական համակարգի հետ, դեպքերը քիչ են՝ փակում են ուսումնական հաստատությունները, դեպքերը շատ են՝ բացում են։ Տպավորություն է, թե որոշում կայացնողները «սիրում է, չի սիրում» խաղն են խաղում ուսումնական հաստատությունների գլխին։
Անհասկանալի որոշումները հաջորդում են միմյանց, արդյունքում մենք գրեթե մեկ տարի է՝ ունենք ձախողված կրթական համակարգ, տապալված ուսումնական պրոցես։
Պաշտոնյաները որոշումներ են կայացնում, խմբագրում, սրբագրում, փոխում՝ առանց լսելու մասնագետների կարծիքները, խորհուրդները, հաճախ անհաջող կրկնելով միջազգային փորձը։ Ի սկզբանե, չնայած բոլորը զգուշացնում էին, որ պետք է սովորենք ապրել համավարակի հետ, իշխանությունները փակեցին դպրոցները՝ անցնելով հեռավար ուսուցման։ Ուսումնական տարին մեկնարկեց երկու շաբաթ ուշ, փոխարեն այն սկսեին մի քանի շաբաթ շուտ՝ օգտագործելով ամռան տաք օրերին դրսում դասեր կազմակերպելու գործընթացը։ Մեկ ամիս դպրոց գնալուց հետո որոշեցին երկարատեւ արձակուրդի ուղարկել աշակերտներին կամ անցնել հեռավարի, այս ընթացքում կորոնավիրուսի թվերը բնականաբար աճում են, միջին վիճակագրական տվյալով՝ մենք ունենում ենք օրական 1000+ հաստատված դեպք եւ 20+ մահվան դեպք, որեւէ կանխատեսում, հաշվարկ չկա, թե ինչ պատկեր կլինի ձմռան ամիսիներին, երբ կորոնավիրուսին գումարվում են նաեւ սեզոնային վիրուսները։
Բնականաբար, նորմալ ուսումնական պրոցես չկազմակերպելու պատճառով պահանջներ են ներկայացնում ավարտական դասարանների աշակերտները՝ նշելով, որ քննությունները հեշտացնեն, քչացնեն։ Նույն պահանջը կներկայացնեն նաեւ դիմորդները, ինչով են պակաս նախորդ տարվա դիմորդներից՝ կորոնավիրուսը եւ դասի չգնալը վկա։ Իսկ այս դեպքում պատկերացնում եք ինչ «շքեղություն» է մեզ համար մեկ քննությունով ուսանողներ ընտրել, առանց քննության մարդկանց ատեստատներ, դիպլոմներ նվիրել, դուք պատկերացնո՞ւմ եք, որ կրթական ոլորտում երկու տարվա հեռավար ուսուցման բացը սերունդը հնարավորություն չի ունենալու լրացնել, իսկ նրանք մեր վաղվա օրվա մասնագետներն են։
Իհարկե, ամենեւին էլ բովանդակային քննարկումների դաշտ մտնելու կարիք չկա, այսինքն՝ մենք դեռ չենք անդրադառնում հարցին՝ ճիշտ էր դպրոցները փակելը, սխալ էր, ժամկետները օպտիմալ էին, թե ոչ, որոշման դրական, բացասական հետեւանքները։ Խնդիրն այն է, որ իշխանության որոշումները դարձել են հիմնազուրկ, անկանխատեսելի, անտրամաբանական։ Որպես քաղաքացի՝ քեզ համար իշխանության կայացրած որոշումները հասկանալի եւ ըմբռնելի չէին, հետեւաբար՝ դու չես կարող կառուցել քո կյանքը մի երկրում, որտեղ չգիտես, թե վաղը, մյուս օր ինչ որոշում կկայացնեն։ Այս աքսիոման, ի դեպ, ճշմարտություն է տարբեր տրամաչափի կարեւորության հարցերի համար՝ սկսած հայտնի հայտարարության ստորագրումից մինչեւ դպրոցներ փակել-բացելու որոշումներ։ Այսպիսով՝ իշխանությունների որոշումները ոչ միայն հիմնավոր, հասկանալի, ըմբռնելի եւ կանխատեսելի չեն, այլեւ դրանք պատշաճ չեն ներկայացնում հանրությանը, չեն պարզաբանում, չեն պատճառաբանում։

