Կազանյան փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքների վրա խարսխված փաստաթուղթ է՝ 5+2 շրջանների հանձնման տրամաբանությամբ։ Այսինքն, ի վերջո՝ 7 շրջանները հանձնելու մասին էին, բայց փուլերով, այսինքն՝ սկզբից 5-ը, հետո՝ 2-ը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանն՝ ընդգծելով, որ այստեղ ամբողջ խնդիրը ժամանակի մասին էր, տարբերություն կար նաև միջանցքի լայնության մասին, հանրաքվեի մասին, որը Կազանյանում ձևակերպված է «ազատ կամարտահայտություն» և այլն, այսինքն, ամենևին էլ նույնը չէ՝ 7 -ը հանձնել, թե 5+2 ձևաչափով հանձնել։
«Ամենակարևորն այն է, որ Կազանյան փաստաթղթում կարգավիճակի մասին խոսք կար, քննարկվում էր 5 տարուց մինչև 30 տարի ժամահատվածում դրան անդրադարձ։ Դա պետք է տեղի ունենար տեղահանվածների և գաղթականների վերադարձից հետո, բայց շատ կարևոր մի հանգամանք կար, նշվում էր, որ համամասնության սկզբունքով պետք է վերադառնային, ինչ է նշանակում համամասնության սկզբունքը՝ նշանակում է 76-78 տոկոս ԼՂԻՄ-ի բնակչությունը հայ էին և այդ համամասնությունը վերադարձից հետո պետք է պահպանվեր։ Մինչդեռ, վերջին՝ կապիտուլիացիայի փաստաթղթով խոսվում է վերադարձի մասին, սակայն «համամասնության սկզբունք» ձևակերպումը չկա, որը նշանակում է, որ իրենք կարող են ասենք 300-400 հազար մարդ բերել ու ասել որ սրանք նախկին գաղթականների սերուդներն են։ Հատկապես, որ նրանք հնարավորություն են ունեցել նման անձնագրեր բաժանելու և նշելու, որ ծնողները ծնվել են ԼՂԻՄ-ի որոշ բնակավայրերում»։
Նա ընդգծեց, որ թեև 7 շրջանները հանձնելը քննարկվում էր մշտապես ու 2007 թ-ին դա թղթին է հանձնվել, սակայն այստեղ մի շատ կարևոր հանգամանք, այն ամենն, ինչ քննարկվել է, քննարկվել է, որպես մեկ միասնական փաթեթ՝ կարգավիճակի ու բոլոր այլ մանրամասների հետ միասին։ Բնականաբար, այդտեղ Հադրութի ու ԼՂԻՄ-ի շրջանների Տավուշի շրջանների մասին խոսք չկար, Մեղիի շրջանի մասին խոսք չկա։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբևէ կարգավիճակին չի համաձայնի, հետևաբար, մեր զիջումները նաև չբերեցին լուծման և իրենք պատրաստվեցին ու զենքով լուծեցին խնդիրը»։
Պապյանի խոսքով՝ Կազանյան փաստաթուղթը մերժել է հենց Ադրբեջանը, մանրամասների մասին ներկայացրել է Սերժ Սարգսյանը, երբ պատմում էր, որ Ալիևը գրպանից հանեց մի ծալած թուղթ և նոր պահանջներ ներկայացրեց։ «Մեզ համար, իհարկե, այս փաստաթուղթն էլ ընդունելի չէր։ Տարբերությունը այսօրվա ու նախկին վիճակի այն է, որ մենք հիմա զոհեր ենք տվել ու կորուստներ, բայց մարդկային կորուստները պայմանավորված չեն այս կամ որևէ այլ փաստաթղթով։ Դրանք պայմանավորված են 30 տարվա թալանով, որը տեղի է ունեցել Հայաստանում՝ ներառյալ Արցախում։ Ընդ որում՝ Արցախում ավելի մանրակրկիտ է թալանվել։ Այն 100 միլիոնավոր դոլարները, որ մենք տարեկան Արցախին տվել ենք, էդ գումարը վերադարձել է Երևան, դարձել է ռեստորաններ, բնակարաններ սիրուհիների ու երկրորդ ընտանիքների համար և այլն։ Գիտեինք չէ, հիմա էլ գիտենք, թե Արցախի որ ղեկավարը ինչ հարստություն ունի Երևանում, ինչ դղյակներ՝ Ստեփանակերտում, Երևանում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Դրանք այն բետոնապատ խրամատներն են, որոնք չկային, որոնց պատճառով չկարողացանք պաշտպանվել, դրանք այն զինատեսակներն էին, որոնք թղթի վրա կային, իսկ իրականում չկային, դրանք բոլոր այն ինժեներական կառույցներն էին, որ չկային»։

