Երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության համաձայն Քարվաճառն արդեն անցել է Ադրբեջանին։ Այս պահին բանակցություններ են ընթանում Սոթքի ոսկու հանքի հետ կապված։ Դեռևս ՀՀ վերահսկողության տակ են Արցախի խոշորագույն լճերը` Մեծ Ալ, Փոքր Ալ, Սև Լիճ:
Սև լիճը կիսով չափ գտնվում է Սյունիքի մարզում, Մեծ Իշխանասարի հարավ – արևելյան լանջին` 2666 մ բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։ Մակերեսը մոտ 2 քառ.կմ է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն խր.մ։ Դեկտեմբերի 1-ին Լաչինի հանձնման հետ մեկտեղ պարզ կլինի նաև այս լճի հետագա ճակատագիրը։
Սյունիքի բարձրավանդակում ` Վարդենիսի լեռնաշխղայից հարավ-արևելք, Հայաստանի Հանրապետության հետ սահմանին գտնվող Մեծ և Փոքր Ալ լճերի ջրհավաք ավազանը 140 քառ.կմ է: Մեծ Ալ լիճը գտնվում է 2729մ բարձրության վրա. երկարությունը 3.5կմ է, լայնությունը՝ 1.5-2 կմ, մակերեսը՝ քառ.5.3 կմ , առավելագույն խորույունը՝ 10մ, ջրի ծավալը՝ 32.5 մլն խոր.մ:
Փոքր Ալ լիճը գտնվում է 2743 մ բարձր. վրա. երկարությունը 1.5 կմ է, լայնությունը` 0.5 կմ, մակերեսը՝ 1.6 քառ.կմ , առավելագույն խորությունը.՝ 7 մ, ջրի ծավալը՝ 9.4 մլն խոր.մ:
Լճերն ունեն հրաբխաարգելափակման ծագում: Երիտասարդ և հնագույն լավային հոսքերի հատման եզրագծում առաջացել է կիրճանման փոքր հովիտ, որը կապ է ստեղծում այդ լճերի միջև: Փոքր Ալ-ի ջրերը հոսում են դեպի Մեծը: Լճափերն ունեն մեղմ գծագրություն, քարքարոտ է միայն հյուսիսային ափը. ծածկված է քարաթափվածքներով և քարացրոններով: Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է: Ջրերը պարզ են, քաղցրահամ: Նշենք, որ այս լճերը համարվում են ՀՀ և Արցախի ջրային անվտանգության երաշխիքը։

