Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի գլխավորած պատվիրակությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր:
Ողջունելով հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ համալսարանում նրանց շատ սպասում և հարգում են: Հիշատակելով նախորդ դեսպանի հետ հաստատված փայլուն հարաբերությունները՝ ռեկտորը վստահություն հայտնեց, որ նոր դեսպանի հետ ևս հարաբերությունները կլինեն փոխշահավետ: Արմեն Մուրադյանը կարևորեց Իրանի հետ աշխատանքում կուտակված մեծ փորձը՝ ընդգծելով, որ շատ տպավորված է Իրանի առողջապահության ոլորտով, դեղերի արտադրությամբ: «Մենք նույնիսկ պայմանավորվել էինք դեղերի մի մասի արտադրությունը կազմակերպել այստեղ՝ Հայաստանում, ինչպես նաև համաձայնության էինք եկել իրանցի և հայ բժիշկների փոխայցերի կազմակերպման և փորձի փոխանակման ուղղությամբ. Ես անգամ Իրանի առողջապահության նախկին նախարարից հրավեր էի ստացել՝ վիրահատություն անելու Իրանում, իսկ ես իրեն հրավիրել էի աչքի վիրահատություն անցկացնելու Երևանում», - ավելացրեց Արմեն Մուրադյանը:
Նրա համոզմամբ՝ իրանական կողմի հետ համագործակցության հեռանկարները շատ մեծ են: «Այս պահին մեր համալսարանում սովորում է 187 իրանցի ուսանող, որոնցից 32-ը՝ հայազգի: Համալսարանի՝ տարեցտարի ավելացող ուսանողների թիվն, իհարկե, վկայում է կատարվող մեծ աշխատանքի մասին, բայց այն փաստը, որ մեկ ընտանիքից 4 մարդ է սովորում մեր համալսարանում, արդեն խոսում է շատ բարձր համբավի մասին», - հավաստիացրեց ԵՊԲՀ ռեկտորը: Արմեն Մուրադյանը դեսպանին տեղեկացրեց նաև ԵՊԲՀ-ի՝ «Հորիզոն-2020» եվրոպական մեծ գրանտի շահառու լինելու մասին՝ հայտնելով, որ եվրոպական մոտ 500 համալսարաններից հենց մեր համալսարանն է ընտրվել, և այս տարի կկառուցվի Ուղեղի հետազոտման մեծ կենտրոն: Ռեկտորը նաև ավելացրեց, որ համալսարանն ունի 3 հիվանդանոց և 1 վերականգնողական կենտրոն՝ «Զինվորի տունը», որը տարածաշրջանում եզակի է, և հրավիրեց դեսպանին՝ այցելելու Կենտրոն ու տեղում տեսնելու այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են մեր տղաներին վերականգնվելու համար:
Դեսպան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ավելացնելով, որ տեղյակ է նախկինում կատարված բոլոր աշխատանքներին: «Անշուշտ, կարող ենք շատ ընդլայնված համագործակցություն ծավալել ոչ միայն միջբուհական, այլև բժշկության ոլորտում: Հուսով ենք, որ կորոնավիրուսը հնարավորինս շուտ կվերանա: Ուրախ ենք, որ պատերազմն ավարտվել է, սակայն, իհարկե, ցավում ենք, որ զոհեր են եղել», - ընդգծեց Աբբաս Զոհուրին: Ըստ դեսպանի՝ պետք է օգտագործել դեռ վաղ անցյալից հաստատված հայ-իրանական սերտ պատմամշակութային կապերը՝ բժշկական և միջբուհական ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար: Իրանցի դիվանագետն անդրադարձավ նաև տնտեսական ոլորտում նախանշված բազմաթիվ ծրագրերին, որոնք կյանքի կկոչվեն Հայաստանում իրավիճակը կայունանալուն պես: «Այս բուհում մասնագիտական մեծ ներուժ կա, որը կարող է օգտակար լինել իրանական կողմի համար: Իրանում ևս առկա է մասնագիտական մեծ պոտենցիալ, որն էլ կարելի է փոխանակել հայկական կողմի հետ», - նշեց Աբբաս Զոհուրին՝ առաջարկելով տեսակապերի միջոցով հանդիպումներ կազմակերպել և փոխայցերի հետ կապված ժամանակացույց կազմել:

