Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամեն հաջորդ գրառումը միտված է արդարացնելու նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը։ Ավելի քան 20 օր է՝ Փաշինյանը մեզ փորձում է համոզել, որ դրանից լավ ելք չկար, այդպիսով փրկել է մեր զինվորներին, ավելի վաղ հնարավոր չէր նման համաձայնության գալ եւ այլն։
Իհարկե, մտածող, վերլուծող մարդիկ, երբ համադրում են փաստերը, այլ պատկեր են ստանում։ Նույնիսկ այս պայմաններում, երբ մենք 5000 զոհ ենք տվել,10 հազարին հասնող վիրավորներ, 10000ք/կմ տարածք ենք կորցրել, թշնամու մոտ ունենք մի քանի տասնյակ գերիներ, երբ ապացուցվեց, որ իշխանությունը տապալել է բանակցությունները 2,5 տարում, պարտվել դիվանագիտության մեջ, չի զինել բանակը հավուր պատշաճի...նույնիսկ այս պայմաններում վարչապետը դեռ գրառում է անում, փորձում ինչ-որ բան ապացուցել մեզ։
Այն, որ հանրությունը կամաց-կամաց քնից արթնանում է, ակնհայտ է մարդկանց սոցցանցային վարքագծից, վարչապետի էջի պակասող լայքերի քանակից։ Իհարկե, «լայքը» հանելը դեռ քիչ է, բայց գործընթացները կստիպեն անտարբեր հիասթափվածներին նաեւ կոնկրետ գործողությունների դիմել։
Ինչեւէ, վարչապետը շարունակում է իր ստորագրած կապիտուլյացիայի փաստաթուղթը որպես բացառիկ հայրենասիրական քայլ, մեծ զոհաբերություն «թանկով վաճառել» մեզ վրա։
Հարց է առաջանում՝ միթե վարչապետը իսկապես հավատում է իր փաստարկներին, միթե նա կարծում է, որ ամեն ինչ շատ լավ եւ ճիշտ է արել։
Այդ դեպքում, եթե կարծում է, որ բացառիկ ճիշտ քայլ է արել, ինչո՞ւ է 20 օր շարունակ փորձում մեզ համոզել, թե ինչքան ճիշտ քայլ էր դա։
Սեփական կարծիք ունեցողներիս դժվար է համոզել այս դեպքում, իսկ պատմությունը եւ հետագա սերունդները դեռ իրենց գնահատականը կտան, այնպես որ գուցե մի լավ խորհրդատու լինի Փաշինյանի շրջապատում եւ հուշի քիչ գրառումներ անել, քիչ «փաստեր» ներկայացնել։
Հաջորդ ուղղությունը, որ որդեգրել է վարչապետը, մեղավորներ փնտրելն է։ Ամեն օր նա նոր մեղավոր է փնտրում՝ զինվորը, հրամանատարը, ՄՕԲ-ը, Ծառուկյանը, Վանեցյանը, նախկինները, այսօր էլ «հերոսները» առաջին եւ երկրորդ նախագահներն էին։
Ըստ էության՝ Փաշինյանը չհերքեց, որ նրանց չի տվել բանագնացի մանդատ, այս դեպքում ինչպես էին նրանք մեկնելու ՌԴ եւ բանակցելու։ Ձեռքի հետ էլ վարչապետը եւս մեկ անգամ «փչացրեց» դատախազությանը եւ ցույց տվեց, որ այո, քրեական գործերը «կարվում են» քաղաքական որոշումներով, ինքը կարող է խնդրել դատախազին, որպեսզի չառարկի եւ Քոչարյանին անմիջապես վերադարձնեն անձնագիրը։
Քանի, քանի նման խնդրանք, պահանջներ են եղել՝ դրանով էլ պետք է իրավապահները զբաղվեն, եթե իրենց մեջ խիզախություն գտնեն։
Եթե իրավապահները մի օր որոշեն ծառայել Սահմանադրությանը եւ պետությանը, ոչ թե իշխանություններին, թող քննեն նաեւ վարչապետի հանդիպումը դատարանների նախագահների, ԲԴԽ որոշ անդամների հետ։ Իհարկե, վարչապետը ազատ է հանդիպելու ում հետ ցանկանա, այդ թվում դատավորների հետ՝ ինչ-որ մասնագիտական քննարկումներ անելու, ծրագրեր մշակելու նպատակով։ Բայց այստեղ հանդիպման հրավերի ձեւաչափը եւ մասնակիցների կազմը բավականին տարօրինակ է։ Եթե նման կարեւոր հանդիպում է նախաձեռնվում, պետք է նախապես հայտարարվեր այդ մասին, ոչ թե ասվեր մեկ-երկու ժամ առաջ։ Հանդիպման մասնակիցների ցանկը պետք է հստակ լիներ՝ եթե դատարանների նախագահներ եւ ԲԴԽ անդամներ են, ապա բոլորը պետք է լինեն, կամ էլ պետք է պարզաբանվի, թե ինչ սկզբունքով է ընտրված կազմը։ Տարօրինակ է, որ այս հանդիպմանը ԲԴԽ նախագահը, ինչպես մյուս անդամները կամ մյուս նախագահները հրավիրված չեն։ Համենայն դեպս, դատավորները, այս հանդիպմանը գնալով, առնվազն լուրջ ոտնձգություն են կատարում իրենց անկախության նկատմամբ՝ կասկածի տակ դնելով էթիկայի կանոնները։
Հարկ էր դրսեւորել միասնական մոտեցում, ճշտել հանդիպման նպատակը, ձեւաչափը, մասնակիցների ընտրության սկզբունքները։ Երբ երկրում ամեն օր քրեական գործեր են հարուցվում քաղաքական դրդապատճառներով, կալանքի սանկցիաներ ներկայացվում, երբ ընդամենը օրեր առաջ Վարչական դատարանը վերացրեց հավաքների ազատության արգելքը, երբ այս օրերին տեղի ունեցող բազմաթիվ հարցերի գնահատականները կախված են դատարաններից եւ նրանց կայացրած որոշումներից...այս պայմաններում նման անհասկանալի ֆորմատով հանդիպման գնացող դատավորները հետայսու որոշում կայացնելիս արդյոք կգտնվե՞ն անկախ, ազատ, անկաշառ, արդյոք խնդիրներ չեն առաջանա՞ նրանց կայացրած որոշումների օրինականության հետ, ինչպե՞ս պետք է հանրությունը հավատա, որ նրանք կառավարության պատերի ներսում պատվերներ չեն ստացել։ Եւ քանի որ որեւէ պաշտոնական պարզաբանում չկա, մարդիկ ազատ են մտածելու այն, ինչ ցանկանում են։ Օրինակ՝ կարո՞ղ են ավելի հեռուն գնացող նպատակներ լինել այս հանդիպման մեջ, մասնավորապես՝ դատական համակարգում «հեղափոխություն» անել, անհնազանդներից ազատվել, իշխանությանը հավատարիմների դաշինք ձեւավորել։
Հնարավոր է, իհարկե, որեւէ հրահանգ էլ չլինի այս հանդիպմանը։ Սակայն այս քայլով Փաշինյանը ուղղակի եւ անուղղակի երկու մեսիջ է փոխանցում, նախ՝ ցանկանում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին, վստահություն ունի եւ անուղղակի՝ վախ տարածել դատավորների շրջանում, որ չհամարձակվեն «խաղեր տալ», ինչպես նաեւ դժգոհության նոտա է հղում ԲԴԽ նախագահին ավելի վաղ իր տարածած հայտնի հայտարարության համար։
Բայց, հանուն արդարության, պետք է նկատել, որ այո, Վարդազարյանը ճիշտ էր, Փաշինյանի հետ հանդիպման գնացածները պետք է կրկնակի ապացուցեն՝ պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ ոչ, առաջնորդվո՞ւմ են Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, թե՞ իշխանական շահերով, քաղաքական պատվերներով։

