«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հաջորդ մեր ցնցումը ՌԴ-ՀՀ-Բելառուս ֆեդերալ պետության ձեւավորումն է հետագա ընդարձակման հեռանկարով։
ArmDaily.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ զարգացումները դրան են տանում. «Չեմ կարող ճշգրիտ ժամկետ նշել, դա շատ արագ տեղի չի ունենալու, բայց այսպես ընթանալու պարագայում չի բացառվում, որ այդպես կլինի։ Եթե լինի շատ մեծ ուրիշ ցնցում, եթե լինեն ավելի մեծ բախումներ մեր շրջակայքում, մասնավորապես Թուրքիայի մասնակցությամբ, որին պարզ է, որ մենք չենք կարող դիմակայել, այդ դեպքում մեր առջև շատ հնարավոր է դրվի նման հարց, որ ՀՀ-ի վերջնականապես չկործանման համար մեզ կառաջարկվի նման քայլի գնալ և այդ դեպքում մենք ոչ մի հնարավորություն ուրիշ չենք ունենալու, քանի որ գոնե այս արցախյան պատերազմը ցույց տվեց, որ չնայած ակնհայտ խախտումներին, որ իրականացրել էին Ադրբեջանն ու Թուրքիան, ոչ մի երկիր ոչ Թուրքիայից, ոչ Ադրբեջանից հաշիվ չպահանջեցին այն իմաստով, որ նրանք այս իրավիճակում չպետք է գնային պատերազմական քայլով հարցեր լուծելու»։
Բաղդասարյանի խոսքով՝ բանակցություններով կարելի էր շարունակել ղարաբաղյան հակամարտության գործընթացը. «Առիթ էր պետք Ադրբեջանին նման գործողություն իրականացնելու համար և շատ հարմար պահ։ Եթե միայն լիներ Ադրբեջանը, ապա իրեն ճնշելը շատ ավելի հեշտ էր լինելու և միջազգային հանրության, և ՌԴ-ի կողմից։ Եվ Թուրքիայի բացահայտ աջակցությունը նշանակում էր, որ հնարավոր է լինի դիմակայություն ոչ միայն Հայաստանի-Ադրբեջանի միջև, այլև Ռուսաստանի և Թուրքիայի միջև ու Հայաստանին դա ակնհայտորեն ձեռնտու չէր, նույնպես սպառնալիք էր։ Եվ կան մի շարք ազդակներ, որոնց հիման վրա կարող եմ եզրակացնել, որ հիմա մենք ապրում ենք Ռուսաստան-Թուրքիա մերձեցման մի ժամանակաշրջանում, երբ ՌԴ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են։ Իսկ այդ համընկնումները լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ արևմուտքը Թուրքիային վանում է իրենից և չի ուզում Թուրքիայի հետ,բացի ՆԱՏՕ-ից ուրիշ ինստիտուցիոնալ առնչություն ունենալ։ Թուրքիան օգտագործվում է արևմուտքի կողմից միայն զուտ կոնկրետ հարցեր լուծելու համար, օրինակ փախստականների հարցերը, որոնք Եվրոպա են գնում և որոնց Թուրքիան բլոկ է անում իր տարածաշրջանում։ Շատ քչերն են նկատել և ուշադրություն դարձել Պուտինի վերջին հարցազրույցին, որտեղ ասում էր, որ Ֆրանսիան և Գերմանիան ժամանակի ընթացքում անընդհատ պատերազմել են, բայց հետո նրանք մերձեցել ենք, ընդհանուր շահեր են գտել և հիմա համագործակցում են և ով ասաց, որ հիմա սևծովյան ավազանում ՌԴ-ն և Թուրքիան չեն կարող նույն կերպ համագործակցել»։
Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի համար միշտ վտանգավոր են եղել և ՌԴ-Թուրքիա մերձեցումները, և ՌԴ-Թուրքիա գժտությունները։ «Երկու դեպքում էլ մենք միշտ տուժել ենք։ Ու հիմա մենք ականատեսը եղանք, թե ոնց ղարաբաղյան խաղաքարտն ակտիվացվեց և հարցեր լուծվեցին։ Եվ այստեղ ՌԴ-ն արեց այնպես, որ ըստ էության Հայաստանը մինչև վերջ դժգոհ չմնա Ռուսաստանից, Ադրբեջանն էլ մինչև վերջ գոհ չլինի ՌԴ-ից։ Ես նորից եմ կրկնում, որ խոսքը տեսանելի ապագայի մասին չէ, բայց եթե գործընթացներն այսպես ընթանան և եթե այնուամենայնիվ տարածաշրջանային մեծ պատերազմ սկսվի օրինակ՝ Իրանի դեմ Իսրայելի մասնակցությամբ, Թուրքիայի մասնակցությամբ, այդ դեպքում, կարծում եմ՝ հնարավոր է, որ ՌԴ-ն էլի «ելնելով Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորություններից, որ կնքված է երկկողմանի պայմանագրով», չուզենալով փոխել Թուրքիայի հետ իր կառուցած համագործակցության մոզաիկան, կդնի Հայաստանի առջեւ այս առաջարկությունը։ Եվ թե ով կլինի Հայաստանի ղեկավարը, կամ մինչ այդ հնարավոր կլինի ուրիշ անվտանգային բարձիկներ ստեղծելը, այ դրանից ամեն ինչ կախված կլինի»․
Հարցին՝ արդյոք հիմա դրան է ձգտում Ռուսաստանը, Բաղդասարյանը նշեց. «ՌԴ-ն երբեք դեմ չի եղել նախկին խորհրդային միության երկրներին իր կողմից հովանու տակ հավաքելուն»։

