Տնտեսագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էկոնոմիկայի նորաթուղ ու խիստ ժամանակավոր նախարարի հայտարարությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի ակտիվացման ու ինտեգրման վերաբերյալ առավել քան սպասված էր: Սպասված էր այն առումով, որ սուպերմարկետից ու առաքումից բացի բան չտեսած անձը պետության տնտեսության զարգացումը, տնտեսական անվտանգության ապահովումը անխուսափելիորեն պետք է կապի բացառապես առևտրային այսրոպեական նպատակահարմարության հետ:
Մի կողմ դնելով այն փաստը, որ թե որպես սուպերմարկետի տնօրեն, թե որպես առաքման ծառայության հիմնադիր՝ նշյալ անձը ևս ձախողվել է, նա, ըստ երևույթի, լավ չի պատկերացնում նաև միջպետական առևտրի էությունն ու կառուցվածքը: Հակառակ դեպքում առնվազն կխոսեր Հայաստանի տնտեսության արդյունավետության բարձրացման, դրա արդիականացման, երկրում արտադրվող ապրանքների ինքնարժեքի նվազեցման անհրաժեշտության մասին: Քանի որ միայն ու միայն այդ դեպքում է հնարավոր մտածել Անկարայի ու Բաքվի հետ տնտեսական ինտեգրման մասին: Այլապես այդ ինտեգրումը վերածվելու է տնտեսական էքսպանսիայի, որն անխուսափելիորեն վերածվելու է քաղաքական ու, ինչն ամենավտանգավորն է, մշակութային էքսպանսիայի:
Չէ, տնտեսական զարգացման մոդել կամ ռազմավարություն ես նորաթուխ ժամանակավոր նախարարից չեմ ակնկալում: Դրա համար պետք է առնվազն ունենալ ռազմավարական մտածողություն: Նա, ինչպես և իր շեֆը, հավանաբար, մերժում է թե ՛՛իզմ՛՛-երը, թե համակարգային մտածողության ցանկացած դրսևորում, հետևաբաբար՝ ՛՛տնտեսական զարգացման մոդել՛՛ բառակապակցությունն ինքն իրենով կարող է նրա մոտ ընկճախտ առաջացնել: Ստեղծված իրավիճակում միակ բանը, ինչ կարելի է ակնկալել նրանից, լռությունն է:
Պարզապես լռիր ու կատարիր վերադասիդ ընթացիկ հանձնարարությունները: Որովհետև երկարաժամկետ բնույթի հանձնարարություն, վստահ եմ, չես ստանալու»։

