Լրատվամիջոցներն այսօր տեղեկություն էին տարածել, որ ժամը 13։45-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կազմակերպել ՀՀ ԲԴԽ կազմի եւ դատարանների նախագահների հետ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատճառն այն է, որ դատավորները սկսել են վախենալ սպասվող պատասխանատվությունից և մասսայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից ստացվող քաղաքական պատվերները: Այս պահին ընդդիմադիրների դեմ Փաշինյանի պատվերները դժկամությամբ կատարող դատավորների թիվը չի գերազանցում 3-ը, որոնց աշխատանքը համակարգում է դատավոր Կարեն Ֆարխոյանը:
ArmDaily.am-ի հետ զրույցում Ֆարխոյանն ասաց, որ ինքը նման հանդիպման մասին որևէ տեղեկություն չունի։
«Առաջին անգամ ձեզանից եմ լսում՝ ինչ հանդիպման մասին է խոսքը»,-ասաց Ֆարխոյանը։
Դիտարկմանը, թե Ձեր հասցեին շատ են հնչում քննադատությունները, ինչպես կարձագանքեք նման մեղադրանքներին ՝ նա ասաց որ այդ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում։ Հանդիպման օրակարգը և նպատակները ճշտելու համար մենք փորձեցինք կապ հաստատել նաև վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց, որ ինքն էլ մամուլից է նման հանդիպման մասին տեղեկացել։ «Ինձ ոչ մեկը ոչինչ չի ասել, ես չգիտեմ՝ հրավերով է եղել, թե ԲԴԽ-ին են խնդրել, որ մասնակցեն՝ ես տեղյակ չեմ, ամեն դեպքում՝ ինձ ոչ ոք ոչինչ չի ասել նման հանդիպման մասին»։

