Օրեր առաջ հայտնի դարձավ, որ առաջին դասարանցիներին ձմեռային արձակուրդներ կտրվեն դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը` մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ, երկրորդ դասարանցիների համար՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ: Իսկ ահա 3-12 դասարանցիները գարնանային արձակուրդ չեն ունենա, ձմեռայինն էլ կտևի դեկտեմբերի 28-ից հունվարի 10:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին՝ արդյոք առաջին դասարանի աշակերտների համար շատ երկար չէ՞ արձակուրդը, հաշվի առնելով, որ հանգամանքների բերումով աշակերտների դասապրոցեսն այս տարի խաթարված էր,նշեց.«Առաջին դասարանցիներին միշտ էլ արձակուրդ երկար է տրվում, բայց այս պայմաններում պետք է դա վերանայվեր, քանի որ առանց այդ էլ երեխաները քիչ են հաճախել դասերին, երկար աշնանային արձակուրդներ եղան, արձակուրդը կարելի էր երկու շաբաթ տալ, որպեսզի կրթությունը դրանից չտուժեր»:
Մխիթարյանն իր խոսքում նշեց, որ պատերազմի ավարտը որևէ ազդեցություն չթողեց մեր կրթական համակարգի վրա.«Մենք ամեն ինչ շարունակում ենք նույն ձևով, մենք իներցիայով շարունակում ենք նույն բաներն անել: Պետք էր սթափվել, և յուրաքանչյուր հարցի նորովի մոտեցումներ ցուցաբերել: Իներցիան մեզ կտանի նույն տեղը: Հանրակրթության ոլորտում էլ չենք կարող որակի մասին խոսենք, որակը զրոյացել է»:
Դիտարկմանը,որ պատերազմից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից, և նրան փոխարինեց Վահրամ Դումանյանը, արդյոք նոր նախարարից համակարգում փոփոխություններ սպասում է, կրթության փորձագետն ասաց.«Միայն նախարարի փոփոխությունը չի կարող կրթության ոլորտում փոփոխություններ բերել: Մեզ պետք են հայեցակարգային մոտեցումներ և դա պետք է արվի կառավարության մակարդակով: Փոփոխությունները պետք է արվեն կառավարության բարձր օղակներում և մշակվեն նոր հայեցակարգեր»:
Խոսելով հեռավար կրթության մասին, և հարցին՝ իր կարծիքով մոտ ապագայում երբ վերադարձ կլինի դասերի ոչ օնլայն անցկացմանը, Ատոմ Մխիթարյանն ասաց.«Այս պահին ոչ ոք չի կարող դա ասել: Խոսվում է, որ շուտով պատվաստանյութ է լինելու, և դրանով հնարավորություն կունենանք էապես քչացնել վարակվածների թիվը, որը կբերի նրան որ կվերադառնանք նորմալ կրթական պրոցեսներին: Եվ բացի դրանից պետք է կարողանանք նորմալ կիրառել կորոնավիրուսի կանխարգելիչ կանոնները ուսումնական հաստատություններում, որն էլ ևս մեկ արդյունք ու խթան կլինի վերադառնալու դասապրոցեսներին: Միջանկյալ լուծումներ պետք է փնտրել ու գտնել, որպեսզի չկորցնենք ուսումնական մեկ տարի, դրա վերականգնման համար մեկ տարի չէ, որ կգնա, տասնամյակներ պետք կգան»:

